Ծեծկռտուքի մանրամասները՝ ֆիննախի վարկածով
ՀՀ ֆինանսների նախարարությունը քիչ առաջ հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ անդրադարձել է 168.am-ի այն տեղեկատվությանը, որ այսօր նախարարության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, համաձայն որի ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել «ծեծկռտուք», չի համապատասխանում իրականությանը: Նախարարությունում ընդամենը տեղի է ունեցել վիճաբանություն երկու աշխատակիցների միջև, որոնցից մեկը` Իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Արմեն Բադալյանը, նախկինում նման վիճաբանություն հրահրելու համար արդեն իսկ ենթարկվել է կարգապահական տույժի: Հաշվի առնելով նշված հանգամանքը, ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի քննարկմանը, որպեսզի վերջինս տա իր համաձայնությունը` «ՀՀ քաղծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն Արմեն Բադալյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու համար»,-նշված է ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
168.am-ի տեղեկություններով, այսօր ժամը 12-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցների միջև։ Ցավոք, նախարարությունը ոչ կերպ չի արձագանքել նաև մյուս տեղեկություններին, որոնք վերաբերում են նույն վարչության 3 բաժնի պետերի աշխատանքից ազատվելուն, ավելի վաղ՝ ևս 2 աշխատակիցների ազատմանն ու ընդհանրապես իրավաբանական վարչությունում տիրող իրավիճակին։