Ծեծկռտուք ֆիննախում
168.am-ի տեղեկություններով, այսօր ժամը 12-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Բանը հասել է անգամ ծեծկռտուքին, որին ստիպված են եղել միջամտել անգամ վարչության պետերն ու նախարարի տեղակալները։
Միջադեպը տեղի է ունեցել նույն իրավաբանական վարչությունում, որտեղ ընթացող խմորումներին վերջերս անդրադարձել էինք մեր կայքում։ Ինչպես փոխանցում են 168.am-ի աղբյուրները, իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Ա. Բադալյանը և գլխավոր մասնագետ Հ. Աջեմյանը վեճի են բռնկվել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպին ներկա են ինչպես իրավաբանական վարչության պետն ու աշխատակիցները, այնպես էլ փոխնախարարներ և այլ բարձաստիճան պաշտոնյաներ: Նախարարը ներկա գտնվողներից՝ այդ թվում իրավաբանական վարչության պետից պահանջել է բացատրություն ներկայացնել տեղի ունեցածի առնչությամբ։
Մեր ունեցած տեղեկություններով, որպես միջադեպի մեղավոր ներկայացվում է Ա. Բադալյանը, ով իբր հարվածել է նաև նորանշանակ բաժնի պետ Ա. Հարությունյանին։ Սակայն դեպքին ականատես եղած աշխատողները նշում են, որ նման բան չի եղել։ Իսկ իրականությունն այդպես ներկայացնելու պատճառը կրկին թաքնված է վարչության պետի և տվյալ աշխատակցի անձնական հարաբերությունների մեջ։ Նախարարության ներքին խոհանոցին տեղյակ մարդիկ ասում են, որ վարչության պետը վաղուց խնդիրներ ունի Ա. Բադալյանի հետ և ամեն կերպ փորձել է համնել նրան, որ վերջինս ազատվի աշխատանքից։ Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն 2 անգամ ահեստական կռիվ է սարքվել՝ այդ նպատակին հասնելու համար։
Հիշեցնենք, որ իրավաբանական վարչության պետի հետ ունեցած անհարթ հարաբերությունների պատճառով օրեր առաջ աշխատանքից ազատվել են նաև 3 բաժնի պետեր։ Իսկ ավելի վաղ՝ Ա. Պետրոսյանի վարչության պետ դառնալուց հետո, «հարմար» պայմաններ են ստեղծվել, որի արդյունքում աշխատանքից ազատվել են երկու փորձառու աշխատողներ՝ իրավական ակտերի բաժնի պետ Ա.Գևորգյանը և վարչության գլխավոր մանսագետ Լ.Աբաջյանը։
Այս ամենը խոսում է այն մասին, որ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչությունում կադրային ջարդ է ընթանում։ Հաշվի առնելով նաև, որ նախարարությունը այդպես էլ որևէ կերպ չի անդրադարձել այս ամենի մեր հրապարակումներին՝ կարելի է ենթադրել, որ վերը նշվածը տեղի է ունենում գերատեսչության ղեկավարների լուռ համաձայնությամբ։ Կամ էլ՝ իրավիճակը դուրս է եկել նրանց վերահսկողությունից։