Բաժիններ՝

Փողը՝ հանուն մշակույթի՞, թե՞ մշակույթը՝ հանուն փողի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետի հանձնարարականով բոլոր նախարարությունները հերթով ներկայացնում են հաշվետվություն՝ իրենց ոլորտի կազմակերպությունների հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի վերաբերյալ։ Այսօր հերթը Մշակույթի նախարարությանն էր։

Ի դեպ, e-gov.am կայքում, որտեղ կառավարության նիստից 2-3 օր առաջ սովորաբար տեղադրվում են նիստի օրակարգում ընդգրկված հարցերն ու դրանց վերաբերող փաստաթղթերը, Մշակույթի նախարարության հաշվետվությունը երեկվա դրությամբ չկար։ Այն հասանելի դարձավ միայն այսօր, և դատելով դրա բովանդակությունից՝ կարելի է հասկանալի, թե ինչո՞ւ էին փորձում այն հնարավորինս ուշ մատուցել հանրությանը։

Եվ այսպես, նախարարության հաշվետվության մեջ նախ նշվում է, թե պետական քանի մշակութային կազմակերպություն է գործում, ինչ եկամուտներ են նրանք ունեցել և որքան հարկեր են վճարել։ Առանց թվերի մեջ խորանալու, նշենք, որ մշակույթի ոլորտում գործող կազմակերպությունների եկամուտներն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում աճել են, իսկ հարկերը՝ նվազել։ Հաշվետվության մեջ չի վերլուծվում, թե ինչով է պայմանավորված եկամուտների աճն ու հարկերի նվազումը։ Փոխարենը՝ առաջարկներ կան, թե ինչպես կարելի է ավելացնել հարկերն ու եկամուտները։ Նշենք, որ հաշվետվության հենց սկզբում կա հատուկ պարզաբանում այն մասին, որ մշակույթի ոլորտում եկամուտները գոյանում են բնակչությանը մատուցվող մշակութային ծառայություններից՝ թատերական ներկայացումների, համերգների հանդիսատեսի ու ցուցահանդեսների այցելուների տոմսերի վաճառք, դահլիճների, տարածքների վարձակալություն, նկարների պահատվություն, մատենագիտական և ինդեքսավորման ծառայություններ, և այլն։

Հիմա անցնենք բուն առաջարկներին։ Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, մշակույթի ոլորտում տնտեսական աճի և հարկման ենթակա եկամուտների ավելացման համար առաջիկա տարիներին նախատեսվում է`

Կարդացեք նաև

–  թատերական և համերգային կազմակեպություններում ներդնել ծրագրերի գովազդման և տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգեր.

–  սոցիալական գովազդների միջոցով բարձրացնել մշակութային ծրագրերի սպառման արդյունավետությունը.

–  բարձրացնել մշակութային ծառայությունների որակը և ապահովել մատչելիությունը, մասնավորապես`

– թատերական ներկայացումների արդիականացմամբ, համերգային երգացանկերի համալրմամբ և խաղացանկերի պարբերականության ապահովմամբ.

– թանգարանային արդիականացված ցուցադրությունների կազմակերպմամբ,

– պետական ծրագրերով հրատարակվող գրքերի պոլիգրաֆիական որակի բարելավմամբ, պահանջարկի ուսումնասիրմամբ և գրավաճառ ցանցի ընդլայնմամբ.

–  խթանել մշակութային արդյունաբերությունը.

–  ներդնել պետություն-մասնավոր համագործակցության նոր մեխանիզմներ:

Իհարկե, այս գործողությունների մեծ մասը շատ լայն դաշտ են ենթադրում և ոչ մի կոնկրետություն չեն պարունակում (օրինակ՝ “խթանել մշակութային արդյունաբերությունը” հերթապահ արտահայտությունը)։

Սակայն ամենաուշագրավը դա չէ։ Հարցին փոքր-ինչ «փիլիսոփայորեն» մոտենալու դեպքում կարելի է խճճվել՝ չհասկանալով, ո՞րն է ընդհանրապես Մշակույթի նախարարության դերը։

Ցանկում թվարկված գործողությունները լիարժեքորեն տեղավորվում են Մշակույթի նախարարության առաքելության մեջ։ Այսինքն՝ դրանք ուղղված են մշակութային ոլորտի զարգացմանը, և նախարարությունն այդ քայլերը, այսպես թե այնպես, պետք է կատարի։ Սակայն փաստաթղթից այնպիսի տպավորություն է, որ այդ քայլերը (և դրանց արդյունքում ակնկալվող մշակութային ոլորտի զարգացումը) կարևոր է ոչ թե հենց մշակութային, հոգևոր արժեքների տեսանկյունից, այլ առաջին հերթին՝ փող ապահովելու։ Մշակույթի նախարարությունն այստեղ ավելի շատ նմանվում է ՊԵԿ-ի կամ Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Մշակութային վարչության։  Իսկ ավելի «փիլիսոփայորեն» մոտենալու դեպքում հանգում ենք հավի և ձվի անլուծելի խնդրին. փող բերելու համար հարկավոր է մշակույթը զարգացնել, իսկ մշակույթը զարգացնելու համար՝ փող է պետք։

Եվ վերջապես, ևս մի կարևոր հանգամանք։ Պարզվում է՝ Մշակույթի նախարարությունը լրջորեն մտածում է սոցիալական գովազդների միջոցով բարձրացնել մշակութային ծրագրերի սպառման արդյունավետությունը։ Այսինքն՝ գովազդով ստիպել, որ մարդը սերիալ չնայի, այլ գնա թատրոն։

Այս ամենը զավեշտալի կլիներ,  եթե այդքան տխուր չլիներ։ Ի վերջո, մի քանի էջանոց այդ փաստաթղթի փոխարեն՝ կարելի էր ողջ իրականությունը ներկայացնել երկու տողով՝ մշակույթը պահանջարկ չունի, քանի որ սոված մարդը վեհ բաների մասին մտածելու ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ տրամադրություն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս