Բաժիններ՝

Միայն մեկ սերիա. մամուլ

«Ես անկեղծորեն ուրախ եմ, որ թեկուզ տարիներ անց, բայց Մատաղիսի գործով նստած անմեղ համարվող մարդիկ ազատվեցին»,- «Հայկական Ժամանակ» օրաթերթում գրում է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանն ու շարունակում.

«Բայց հուսով եմ նաև, որ բոլորս հասկանում ենք երկու բան: 1. Սրանով բացարձակ որևէ իրավի­ճակ Հայաստանում չի փոխվում և չի փոխվելու` մյուս գործերով անմեղները ոնց նստել են, այդ­պես էլ նստելու են, նոր գործեր սարքվելու են, և անարդարադատության համակարգը գործելու է անխափան: 2. Քաղաքացիական հասարակության ջանքերի հետ որևէ հեռավոր իսկ կապ չունի այս գործում արդարության մաս­նակի հաղթանակը:

Մատաղիսի գործի հետ որոշա­կի առնչություն ունեցել եմ դեռ տարիներ առաջ, երբ գործը նոր էր քննվում (կարծեմ 2005 թե 2006 թթ-երն էին): Ճիշտ է այն ժամա­նակ էլ չեմ հասցրել շատ խորա­նալ գործի մանրամասների մեջ, բայց ունեի ընկերների մի խումբ, որոնք, քաղաքացիական սկզ­բունքներից ելնելով, ակտիվորեն ներգրավված էին դրանում: Այն ժամանակ հեշտ չէր այդպիսի քա­ղաքացիական ակտիվությունը, որովհետեւ եղած-չեղած մի 15-20 հոգի մարդ կար Հայաստանում ակտիվ դիրքորոշմամբ` թիվ, որը ճգնաժամային իրավիճակներում կարող էր հասնել, ասենք, մի 50 հոգու, բայց իմ հիշելով` ոչ ավելին: Այդ իմաստով ես շատ ուրախ եմ, որ այսօր քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող մարդիկ շատ ավելին են, նաև շատ ավելի կազմակերպված են, թեկուզև իրենք համարեն, որ այդ նոր պայ­մաններն օդից ձևավորվեցին և ոչ մի կապ չունեն այն գործըն­թացների հետ, որոնք տեղի ունե­ցան Հայաստանում վերջին տա­րիներին: Կարևորը փաստն է:

Երկ­րորդ` շատ ուրախ եմ նաև, որ այ­սօր Մատաղիսի գործի նոր զարգացմամբ այդքան ուրախ և մտա­հոգ մարդ կա, որոնք ոչ միայն 2000-ականների կեսերին, այլև հենց վերջին տարիներին մի տե­սակ ի ցույց չեն դրել ՀՀ-ում արդա­րադատության վիճակով իրենց մտահոգությունը, զսպել կամ թաքցրել են դա: Միայն հույս հայտնեմ, որ արդարության անզուսպ ծարավը, որն ի հայտ է եկել այդ խմբի մոտ այս օրերին, կար­ճատեվ չի լինի, և այսուհետ մենք նրանց արդարություն պահանջող ձայնը կլսենք ոչ միայն տարիներ առաջ, այլև այսօր և վաղը արձա­նագրվող անարդարության դեպ­քերի առնչությամբ:

Եթե մի քիչ ավելի լուրջ, ապա, կարծում եմ` անմեղների արդա­րացման ուրախությունը կիսելով հանդերձ, չունենք որևէ լուրջ փաստարկ առ այն, որ տվյալ դեպքում սկիզբ է դրվում արդարա­դատության համակարգի լուրջ բարեփոխման:

Կարծում եմ, որ այս պահին ավելի քան ակնհայտ է, որ տեղի ունեցածն ընդամենը մեկ սերիաանոց կինո է, և արդա­րության պատուհանը ինչպես անսպասելի բացվեց, նույն կերպ անսպասելի էլ կփակվի: Չեն վե­րանայվելու նախկինում եղած անարդարադատության այլ դեպ­քերը, եթե դրանց մեջ էլ «անսպա­սելիորեն» չհայտնվի քաղաքա­կան աստառ: Ավելին, ցավոք, բո­լոր հիմքերը կան ենթադրելու, որ Հայաստանում շարունակվելու են ճչացող անարդարադատության դեպքերը հատկապես այն գործե­րում, ուր խառնված կլինի որևէ պաշտոնյայի կամ ընդհանրա­պես իշխող համակարգի շահերը: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ տվյալ դեպքում ակնհայտ է գործի քաղաքական աստառը, ապա, սթափ լինելու դեպքում, պետք է հասկանանք, որ եթե դեպքն ինք­նին, այսպես ասած, վակուումի մեջ կարող է արդարության հաս­տատում համարվել, ապա ավելի լայն շրջարկում դա նույնիսկ անարդարադատության խորաց­մանը նպաստող իրադարձության կարող է վերածվել, քանի,որ ըն­դամենը ևս մեկ անգամ հաս­տատվում է, որ Հայաստանում արդարադատության ինքնուրույն համակարգ չկա, այլ կա այդ հա­մակարգի ամբողջական և ոչնչով չհավասարակշռվող կախվածու­թյուն քաղաքական իրավիճակից և իշխող խմբի կամքից:

Այսինքն` նույնիսկ արդարությունը պատ­վիրված է, և դատավորը նույնիսկ այդ դեպքում սովորական խամա­ճիկ է: Համոզված եմ կամ գոնե հուսով եմ, որ մեր հասարակու­թյան նպատակը հենց անկախ դատական համակարգն է, այլ ոչ թե քաղաքական շահից բխած դատական որոշումը: Այլապես բացարձակ անիմաստ է դառնում պայքարը հանուն արդարության, և հաստատ կարելի է ավելի հե­տաքրքիր զբաղմունքներ գտնել` բարին ընդ քեզ մաղթելով քաղա­քացիական ինքնանպատակ ակտիվիզմին:

Իհարկե, հասկանում եմ, որ կգտնվեն մարդիկ, որ իմ այս նյութը կհասկանան կամ կմեկնաբանեն որպես քաղաքա­կան ենթատեքստ ունեցող: Փոր­ձից գիտեմ, որ այդպես հասկա­ցողներին ետհամոզել հնարավոր չէ, քանի որ նրանց ուղեղներում կարծեմ անջատված է կարևոր ծրագրային մի փաթեթ, որը թույլ է տալիս տարբերել օրվա կոնյուկտուրան` սթափ և առարկայական հայացքից: Ամեն դեպքում կոչ եմ անում իրոք մոռանալ բոլոր անունները, ընթացիկ զարգա­ցումները և այլն, և նայել անսքող հայացքով և ճիշտ դիստանցիա­յից: Եթե, իհարկե, ստացվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս