«Այս իշխանությունը, որն ուրիշ ելք չունի, դիմում է նման կեղտոտ միջոցների, որովհետև իրենք դաստիարակված են «կոմսոմոլի» ոգով»
«Կարծում եմ` սա շատ տգեղ երևույթ է և մարդու սահմանադրական իրավունքի խախտում, այսինքն` ցանկացած քաղաքացի իրավունք ունի առանձնազրույցներ ունենալու, և իր գործն է` ում հետ, ինչ կխոսի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան հայտնի զրույցի գաղտնալսման և հրապարակման մասին` ասաց ՀՀՇ անդամ, ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
«Սա շատ տգեղ նախադեպ է, չնայած նման բան եղել է նախկինում. Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ այդպիսի բան արվեց, հիշում եմ` Արամ Աբրահամյանի նկատմամբ է մի անգամ նման բան արվել: Այդ պրակտիկային պետք է ընդհանրապես վերջ տալ: Եթե ուզում ենք նորմալ երկիր դառնալ, նման բրեժնևյան, սովետական մեթոդներով մենք չենք կարող ժողովրդավարական երկիր դառնալ:
Իսկ երկիրը, որը վերադառնում է խորհրդային ավանդույթներին` իրենց Հանրապետական կուսակցության ելույթներով և այլն, Հայաստանն ամբողջովին դարձնում է սովետական երկիր և հիշեցնում է բրեժնևյան վատագույն երևույթները, դա միանշանակ է: Այդ պատճառով` իրենց գործելակերպի մեթոդներն էլ նույնն են»,- ասաց նա:
Պարոն Պետրոսյանը նաև ավելացրեց, որ ամբողջ եթերը և ինտերնետը ՀԱԿ-ի դեմ է գործում. «Թե ո՞ր կենտրոնից է դա ղեկավարվում, ես չգիտեմ: Դրա վառ ապացույցն էր այդ գաղտնալսումը, որ ամբողջ քաղաքական համակարգը ուղղակի ՀԱԿ-ի դեմ է, ինչո՞ւ, մի փոքր անհասկանալի է:
Այսինքն` հասկանալի է, որ այս իշխանությունը, որն ուրիշ ելք չունի, դիմում է նման կեղտոտ միջոցների, որովհետև իրենք դաստիարակված են «կոմսոմոլի» ոգով: Եվ պարզապես տեղի է ունեցել ռևանշ. սովետի ժամանակ իրենք չեն կարողացել ինչ-որ բանի հասնել, հիմա ռևանշ են վերցնում և ուզում են ինչ-որ հարստություն և այլն… դրանով հեռու չես գնա, վերջիվերջո պատմություն կա, սա շատ վատ է վերջանալու: Վերջերս Դոմենիկյան Հանրապետության դիկտատորի մասին էի կարդում, թե դիկտատորներն ի՞նչ ավարտ են ունենում: Այդպիսի օրինակներ վերջերս ունեցանք` Կադդաֆի, Սադդամ Հուսեյն և այլն: Մեկ էլ որ վերջին համագումարում ասաց` սա վերջն է, ամեն ինչի վերջակետը դրեց` «սա Հայաստանն է և վե´րջ»»:
Իսկ զրույցի բովանդակությանը Շահեն Պետրոսյանը չցանկացավ անդրադառնալ` նշելով, որ ընդհանրապես էական չէ, թե ի՞նչ են երկու անձնավորությունները խոսել միմյանց հետ:
«Դա իրենց անձնական գործն է, երկրորդական է, թե ի՞նչ են խոսել: Դա նույն բանն է, ինչ մտնես ուրիշի տեղաշորի մեջ, տեսնես ` ի՞նչ կա: Չի կարելի ուրիշի նամակները կարդալ: Դա նշանակում է` էս մարդիկ դաստիարակություն ընդհանրապես չունեն: Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Այն, որ իրենք քաղաքական նպատակներով այդ մեթոդներն ուզում են իրենց օգտին ծառայեցնել, իրենց դեմ է դուրս գալու»,- ասաց նա:
Մենք նաև հետաքրքրվեցինք` արդյոք Շահեն Պետրոսյանն նման դեպք հիշո՞ւմ է 1990-ական թթ.-ին` ՀՀՇ-ի իշխանության տարիներին:
Ի պատասխանՇ.Պետրոսյանն ասաց. «Ես այդպիսի դեպք 90-ականներին չեմ հիշում: Այլ բան է, որ, ենթադրենք, ինչ-որ հանցագործություն է տեղի ունեցել և դատարանի որոշմամբ մարդուն հետևել են, դա ուրիշ բան է:
Բայց այդ ամենը հրապարակել չի կարելի: Չնայած կար Ներքին գործերի 7-րդ բաժին, որը հետևում էր մարդկանց, կոչվում էր «слежка»: Հիմա այդ բանը ցանկացած պետության մեջ կա, բայց հրապարակայնացնելն ուրիշ խնդիր է, մանավանդ երբ խոսքը գնում է պատգամավորների, այլ ոչ թե հասարակ քաղաքացիների մասին:
Պատկերացրեք` մեր խոսակցությունն այժմ գաղտնալսվի և հրապարակվի` այլ մեկնաբանություններով: Իհարկե, Դուք կհրապարակեք այս հարցազրույցը, բայց եթե անվտանգության կամ այլ մարմիններն են անում այդպիսի բան, դա միանգամայն ուրիշ է:
Մասնավոր մակարդակում ես կարող եմ իմ ընկերների հետ հանդիպել և ինչ-որ հարցեր քննարկել և ինչ-որ մեկին քննադատել, բայց հրապարակայնորեն ես հարմար չեմ գտնում այդ մասին խոսել: Ենթադրենք` ես Լևոն Զուրաբյանի նկատմամբ անձամբ ունեմ ինչ-որ վերապահումներ, կամ նույն Վարդան Օսկանյանի նկատմամբ ունեմ ինչ-որ վերապահումներ` Մարտի 1-ի, իր սուտ խոսելու հետ կապված, բայց երբեք նման բանի չեմ գնա` հրապարակային խոսել այդ մասին»: