Գինս գաղտնի թող մնա. մինչև երկուշաբթի
Մասնավոր հեռուստառադիոընկերությունները, ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության, չեն շտապում հայտարարել քաղաքական գովազդի սակագինը նախընտրական քարոզչության ընթացքում:
Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը պետք է հրապարակեն ընտրության նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո: ԿԸՀ-ն սահմանել է, որ մինչև դեկտեմբերի 18-ը ռադիոընկերությունները և հեռուստաընկերությունները` անկախ սեփականության ձևից, պետք է ներկայացնեն վճարովի եթերաժամի սակագինը:
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը երեկ արդեն որոշում է ընդունել, համաձայն որի՝ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք հանրապետության նախագահի ընտրության նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քաղաքական գովազդի վճարովի եթերաժամի մեկ րոպեն արժենալու է 80 հազար դրամ:
168.am-ը փորձեց մասնավոր հեռուստառադիոընկերություններից պարզել, թե որքան է լինելու նրանց քաղաքական գովազդի արժեքը, սակայն որևէ հեռարձակող այդպես էլ գին չնշեց: Մեր հարցին` արդյո՞ք սակագների վերաբերյալ որոշում կայացվել է, թե՞ ոչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության գովազդային բաժնից պատասխանեցին, որ տնօրենն իրենց առայժմ ոչինչ չի ասել: Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 16-ը աշխատանքային օր չէ, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի կհայտարարվի սակագնի մասին: Նույն պատասխանը ստացանք նաև մյուս հեռուստաընկերություններից: «Շանթ» հեռուստաընկերության գովազդային բաժնից ևս փոխանցեցին, որ օրենքով սահմանված ժամկետում իրենք կհայտարարեն սակագների մասին:
«Ար» հեռուստաընկերությունից ևս նշեցին, որ մինչև դեկտեմբերի 18-ն իրենց եթերում անպայման կլինի հայտարարություն սակագների վերաբերյալ: Մեր զանգահարած հեռուստաընկերության աշխատակիցները դժվարանում էին պատասխանել նաև այն հարցին, թե որն է պատճառը, որ սակագները հայտարարվելու են միայն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը: Միայն «Արմնյուզ» հեռուստաընկերության գովազդային բաժնից նշեցին, թե «ուշացումը» տեխնիկական բնույթ ունի: «Քանի որ մեզ մոտ երկուշաբթի օրն է լինում տնօրենների ժողով, այդ պատճառով երկուշաբթի կհայտարարվի այս մասին»,- նշեցին հեռուստաընկերության գովազդային բաժնից:
Մինչև երկուշաբթի սպասելու խորհուրդ ստացանք նաև ռադիոընկերություններից: «Վան» ռադիոընկերության գովազդային բաժնի աշխատակիցը նշեց, որ հարցին իրավասու է պատասխանել տնօրեն Շուշանիկ Արևշատյանը, իսկ այդ հարցի պատասխանը տնօրենից լսելու համար պետք է զանգահարել երկուշաբթի: Նշենք, որ տիկին Արևշատյանը նաև «Ռուսսկոյե ռադիոյի» վերահեռարձակող «Ռադիո ալֆա» ՍՊԸ-ի տնօրենն է: «Ավտոռադիոյի» գովազդային բաժնից ևս հայտնեցին, որ դեռ չեն որոշել սակագինը, իսկ հետո ավելացրին. «Կարող է մենք չմասնակցենք, ինչպես պառլամենտական ընտրությունների ժամանակ»: «Արձագանք» ռադիոկայանը ևս այս հարցով հետաքրքրված չէր: «Մենք քաղաքական գովազդով չենք զբաղվում»,- պատասխանեցին «Արձագանքում»:
Թե ինչ սակագներ կհրապարակեն մասնավոր հեռուստառադիոընկերությունները, պարզ կլինի միայն աշխատանքային շաբաթվա սկզբում: Պարզ կլինի նաև, թե փոփոխվե՞լ են արդյոք սակագները՝ նախորդ ընտրությունների համեմատ: Նշենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության երեկ սահմանած սակագինը չի փոփոխվել 2008թ.-ի նախագահի ընտրությունների համեմատ: Նախորդ ընտրությունների ժամանակ ամենաթանկն իր եթերային ժամանակը գնահատել էր «Արմենիան». քաղաքական գովազդի մեկ րոպեն արժեր 130 հազար դրամ: «Արմենիայից» քիչ պակաս սակագին էր սահմանել
«Շանթը»` 120 հազար դրամ: Համեմատաբար ցածր սակագներ էին սահմանել «ԵրկիրՄեդիա» և «ԱՐ» հեռուստաալիքները, որտեղ նախագահի թեկնածուները կարող էին ներկայացնել իրենց տեսակետները՝ եթերի մեկ րոպեի համար վճարելով 100 հազար դրամ: Մասնավոր հեռուստաընկերությունների սահմանած սակագներից նախագահի նախորդ ընտրությունների ժամանակ դժգոհեցին հատկապես ընդդիմության ներկայացուցիչները` նշելով, թե միտում են տեսնում հեռուստաընկերությունների վարքագծում: