Դեպի ապահով և սյուրռեալիստական Հայաստան
Այսօր տեղի ունեցած ՀՀԿ 14-րդ համագումարում որևէ անակնկալ տեղի չունեցավ: Համագումարը հրավիրված էր մեկ նպատակով. առաջադրել նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու, ինչը ՀՀԿ-ական պատվիրակները կատարեցին միաձայն: Համագումարին խորհրդարանական կուսակցություններից հրավիրված էին միայն դաշնակից ՕԵԿ-ը և մի երկու հարցում դեռ անհամաձայնություն ունեցող ՀՅԴ-ն:
Նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանը հանդես եկավ խիստ սյուրռեալիստական ելույթով: Սյուրռեալիստական, քանի որ հենց սյուրռեալիստներն էին ասում, որ իրենց արվեստի էությունը երազի և իրականության համադրումն է: Սերժ Սարգսյանի նոր կարգախոսն է՝ «Դեպի ապահով Հայաստան»: Խոսելով այդ կարգախոսի մասին՝ Սերժ Սարգսյանն ասում է. «Ապահով Հայաստանում յուրաքանչյուրս պետք է կարողանա իրականացնել իր երազանքները, կյանքի կոչել անձնական, ընտանեկան և ազգային նպատակները`անցյալում թողնելով արատավոր երևույթները`արտոնյալների դասը, մենաշնորհներն ու ամենաթողությունը»:
Մի՞թե այս խոստումն ավելի շատ նման չէ երազի, որը կարող է երբեք էլ իրականություն չդառնալ, քանի որ դժվար է հավատալ դրա իրականացման հնարավորությանը: Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք արտոնյալների դասը մի փոքր փոխվել է, ոմանք դուրս են մղվել դրանից, մյուսները մտել են դրա մեջ, բայց մեծ հաշվով՝ հանրությունը Սերժ Սարգսյանի կառավարման հինգ տարիների ընթացքում չի տեսել հստակ ազդակներ, որ այդ դասը կարող է վերանալ: Կարելի է միայն ասել, որ նախընտրական շրջանում, գուցե նախընտրական տրամաբանությամբ, իրենց կատարյալ «ապահով» համարող խավեր և նրանց գերդաստանի ներկայացուցիչներ, որ նույնիսկ իրենք չեն կարող իրենց ապահով զգալ:
Իսկ ովքե՞ր կամ ի՞նչն է վտանգում Հայաստանի ապահովությունը. այս հարցով դիմեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատվել է, և այդ ռազմավարության մեջ հստակ նշված են այն թիրախները, որոնք կարող են վտանգ ներկայացնել Հայաստանի համար»,- ասում է Աշոտյանը:
Ընդհանրապես Սերժ Սարգսյանի ելույթը լի էր հրապուրիչ խոստումներով, որոնց իրականացման շնորհիվ վաղվա օրը կլինի ավելի լավ ու լուսավոր, ավելի արդար ու ապահով: Բայց մի՞թե հինգ տարի պաշտոնավարող նախագահը պետք է միայն խոստումներ տա, և ոչ թե խոսի հինգ տարիների ընթացքում կատարված կոնկրետ գործերի, արձանագրված արդյունքների մասին: Իհարկե, նախագահ Սերժ Սարգսյանը նշեց որոշ արդյունքների մասին, բայց դրանց մեծ մասը խնդրահարույց են և վիճելի:
Դրանց շարքում կարելի է հիշել անվճար ծննդօգնությունը: Իսկապես Հայաստանում ծննդօգնությունը դարձել է անվճար, և դա, թերևս, միակ ակնհայտ և անվիճելի ձեռքբերումն է, որն իրականացվեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հենց առաջին ամիսներին: Բայց անվճար ծննդօգնության պայմաններում պակասել է ծնելիությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը խոսում է ավելի մատչելի դարձած բուժօգնության մասին: Իրականությունն այն է, որ բուժօգնությունը վերջին տարիներին ոչ միայն ավելի մատչելի չի դարձել, այլ՝ ընդհակառակը. և դա արտահայտվում է ինչպես՝ դեղորայքի գների անշեղ աճով, այնպես էլ՝ բժշկական ծառայությունների թանկացմամբ:
երժ Սարգսյանը խոսում է մարտունակ բանակի մասին՝ որպես Հայաստանի ապահովության գրավականի, բայց դրա մասին խոսում էին նաև սրանից հինգ, տասը և տասնհինգ տարի առաջ:
«Վստահեցնում եմ ձեզ, որ ընդամենը մի քանի տարի Հայաստանից դուրս ապրած մեր հայրենակցի համար Հայաստանն այլևս անճանաչելիորեն փոխվել է»,- իր ելույթում ասում է նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ ինչո՞վ է փոխվել Հայաստանը, ինչո՞վ է այն ավելի լավը դարձել, քան կար հինգ տարի, կամ նույնիսկ տասը տարի առաջ: Հայաստանից հեռացած մեր հայրենակիցները մի քանի օր գալով Հայաստան, շտապում են օր առաջ գնալ այստեղից, զարմանալով, թե ինչպես է հայաստանցիներին հաջողվում դիմանալ այս պայմաններում:
ՀՀԿ անդամների պաթետիկ ելույթները տպավորություն են ստեղծում, որ այս կուսակցությունը և նրա վերախավն ընդհանրապես կտրված է հայկական իրականությունից, կամ ապրում է այլ իրականության մեջ: Ինչ-որ մեկը հայտարարում է, որ յուրաքանչյուր հայի սրտում պետք է լինի «հույսը երջանկության», մյուսները խոսում են հասարակական համերաշխության մասին: Ի վերջո, բոլորը դուրս են գալիս դահլիճից և վազում են դեպի դուրս: Թվում է, թե նույնիսկ իրենք` ՀՀԿ-ականներն են հասկանում, որ այդ քծնանքն ու ինքնագովությունը ստեղծել են լճացման ու ճահճացման մթնոլորտ, որից ցանկանում են փախչել անգամ իրենք:
Բայց պարզվում է՝ դրանք սին հույսեր են. նրանք շտապում են կերուխումի սեղանների մոտ. ՀՀԿ գործադիր մարմնի անդամներից յուրաքանչյուրին հանձնարարված է մարզերից ժամանած պատվիրակների համար սեղան գցել և նրանց հետ նշել մեծ տոնը` Սերժ Սարգսյանի առաջադրումը: