Սերժ Սարգսյանի նոր ԱՊՊԱ-ն
Այսպիսով, գործող նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրությունների է գնում «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով: Իհարկե, հաշվի առնելով ստեղծված ներքաղաքական իրավիճակը, իրական մրցակիցների բացակայությունը, Սերժ Սարգսյանը կարող էր ընդհանրապես կարգախոս չունենալ, կամ որպես այդպիսին՝ ընտրել ցանկացած իրեն հաճելի արտահայտություն` ասենք, «Վստահիր ուժերիդ, հավատա ծարավիդ»: Բայց քանի որ նա ոչ թե նախագահի սովորական թեկնածու է, այլ նաև գործող նախագահ, ստիպված է եղել հետևել նախընտրական պայքարի դասական կանոններին ու ներկայացրել է կարգախոս, որը մի քանի հետաքրքիր շերտեր է պարունակում և, ըստ էության, պարտվողի, ոչ թե հաղթողի կարգախոս է: Ոչ թե կարգախոս է, այլ կարգախոստովանություն:
Խոստանալով ընտրվելու դեպքում քաղաքացիներին մղել «Դեպի ապահով Հայաստան», Սերժ Սարգսյանը, փաստորեն, խոստովանում է, որ հինգ տարի շարունակ ղեկավարել է պետություն, որն անապահով է: Ապահով հասկացությունը շատ տարողունակ է և վերաբերում է մարդու կենսագործունեության ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ հոգևոր ոլորտներին ու ընդհանուր առմամբ՝ պետությանը: Այսինքն` ստացվում է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում մարդիկ առ այս պահը ֆիզիկական անվտանգության խնդիրներ ունեն, նրանց կյանքին վտանգ է սպառնում, ապահովված չեն քաղաքացիների սոցիալական վիճակն ու կենսամակարդակը, մարդու տարրական իրավունքները, Հայաստանը հանրագումարում անապահով, վտանգավոր պետություն է:
Սերժ Սարգսյանի այս կարգախոսը հասկանալի կլիներ, եթե նա նախագահական ընտրություններին մասնակցեր առաջին անգամ: Խոստանալով ապահով Հայաստան, այդպիսով Սերժ Սարգսյանը կարձանագրեր, որ իր նախորդի կառավարման ժամանակաշրջանում պետությունն ապահովության խնդիր է ունեցել, և ինքը գալիս է այդ խնդիրը լուծելու: Բայց երբ նա նման խոստում է տալիս նախագահական երկրորդ ժամկետից առաջ, ուղղակիորեն ընդունում է, որ չի կարողացել երկիրը ղեկավարել այնպես, որպեսզի ապահովության խնդիր չլինի, և ակնկալում է հասարակության վստահությունը` Հայաստանն ապահով դարձնելու համար:
Փաստորեն, Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսի ամենամեծ արժեքը բացառիկ ազնվությունն ու անկեղծությունն է: Եվ եթե հասարակությունն առաջնորդվի այդ սկզբունքով, լավագույն դեպքում կարող է ներողամտությամբ վերաբերվել նրան, բայց ոչ երբեք՝ վստահել երկրի կառավարումը երկրորդ անգամ: Բայց Սերժ Սարգսյանը Հայաստանն ապահով դարձնելու խոստումը հնչեցնելուց առաջ ապահովագրել է իրեն այդ վտանգից, քանի որ փաստացի չկա որևէ մեկը, ում կարելի է վստահել երկրի նախագահի պաշտոնը:
Հ. Գ. Սերժ Սարգսյանի նախագահության առաջին ժամկետի ընթացքում Հայաստանում ապահովության բարձրացմանն ուղղված մեկ կոնկրետ քայլ է կատարվել` ներդրվել է Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգը` ԱՊՊԱ-ն: Սերժ Սարգսյանը, փաստորեն, խոստանում է ԱՊՊԱ Հայաստանի Հանրապետության համար: Հետաքրքիր է` որքա՞ն են դրա համար վճարելու ՀՀ քաղաքացիները: Եվ արդյո՞ք վճարելու են միայն ֆինանսապես: