
ՀՀԿ-ն ունի իր սցենարը

ՀՀԿ-ն 15-րդ համագումարից առաջ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր անցկացրել է գործադիր մարմնի և խորհրդի նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հաստատվել է համագումարի օրակարգը:
«Միաձայն որոշվել է առաջիկա նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին»,- ասել է Շարմազանովը: Նրա տեղեկացմամբ` համագումարում նախատեսված է Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը: Շարմազանովի խոսքով` Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն իր վերջնական տեսքին կբերվի մեկ ամիս անց` ՀՀԿ տարածքային կառույցներից ներկայացրած առաջարկների հիման վրա:
«Անկախ այլ քաղաքական ուժերի նպատակներից, մենք ունենք մեր սցենարը և գնալու ենք ապահով երկիր կառուցելու ճանապարհով: ՀՀԿ-ն ժողովրդավարական կարգեր դավանող կուսակցություն է, և մենք երբեք ուժին դավանելով, վերջնագրերով կամ պարտադրանքներով առաջ չենք շարժվում, մենք միշտ կունենանք մեր սցենարը: Անկախ տարբեր քաղաքական ուժերի ախորժակից և ցանկությունից` ՀՀԿ-ն գնալու է դեպի ապահով Հայաստանի կառուցում»,- ասել է Շարմազանովը: