«Պռե Գոմեշը» բողոք է. ինչի՞ դեմ է բողոքում Սիրուշոն (լուսանկարներ)
Սիրուշոն ֆեյսբուքի իր էջի միջոցով ունկնդրին պատմել է իր նոր «Պռե Գոմեշ» երգի մասին: Երգչուհին նշում է, որ երգի ստեղծման ողջ գործընթացը մեծ ճանապարհորդություն է եղել, որի մանրամասներն ու զգացողություններն ինքը փորձել է գրի առնել: Սիրուշոն վստահ է, որ կյանքն ամեն քայլափոխի տալիս է ոգեշնչվելու հնարավորություն, պարզապես պետք է նկատել այդ պահերը:
«Երբ փոքր էի, շատ չէի լսում ժողովրդական երաժշտություն, իսկ ժողովրդական երգերին ծանոթ էի մորս և նրա կոլեգաների կատարումներից: Երբ հորս խորհրդով սկսեցի ձայնագրել Շերամի երգերը, ինքս ինձ համար բացահայտեցի, թե որքան իմն է այն: Քանի որ փոքր տարիքից ստեղծագործում էի ժամանակակից ոճում, որոշեցի ինձ երկու հարազատ ժանրերը համատեղել: Վերջերս, երբ Կոմիտաս էի լսում, «Լոռվա գութաներգի» մեջ ինձ մի հատված այնքան ոգեշնչեց, որ մի ակնթարթում մտովի լսեցի իմ նոր երգը և պատկերացրի տեսահոլովակը:
Պետք էր այս ամենը հերթականությամբ իրականացնել, իսկ ինձ մոտ այդ հերթականությունը չի սահմանափակվում գործիքավորում, խոսքեր և ձայնագրում պրոցեսով: Սկսեցի ուսումնասիրել «Լոռվա գութաներգի» հետ կապված գրեթե բոլոր նյութերը, ընթերցեցի Կոմիտասի գրած վերլուծությունն այս երգի շուրջ, հանդիպեցի մարդկանց, ովքեր քաջածանոթ են վարպետի ստեղծագործություններին և դրանց ծագմանը, մասնագետների, ովքեր առհասարակ դեմ են Կոմիտասի երաժշտության ժամանակակից ներկայացմանը, և փորձեցի հասկանալ` ինչու: Չնայած նրան, որ չէի պատրաստվում նորովի ներկայացնել Կոմիտասի աշխատանքը, այլ այն ուղղակի իմ ոգեշնչման աղբյուրն էր հանդիսացել, ամեն դեպքում ինձ համար շատ կարևոր էին բոլոր ուսումնասիրություններս: Երգիս երաժշտությունը և ռիթմն աշխարհի այսօրվա զարկերակի և ներվի արտահայտումն է: Որքան էլ մոտ լինեմ արմատներիս, չեմ ուզում անտեսել այն ժամանակը և իրականությունը, որի մեջ ապրում եմ: Եթե անգամ այն անվանենք ակումբային, պարային, ապա ես այսպիսին եմ պատկերացնում հայկական ակումբային երաժշտությունը, որ որքան էլ ժամանակակից լինի, հիմնված լինի հայկական հիմքերի վրա և ասելիք ունենա»,- գրում է Սիրուշոն: Սիրուշոն նաև նշել է, թե իրեն հնարավորություն էր պետք, որպեսզի մտածածն ու զգացածը կարողանա արտահայտել: Այս պարագայում երգչուհուն ոգեշնչեց գոմեշը: «Խոսքս տեղ հասցնելու համար ինձ պետք է օգներ երգիս հերոսը՝ գոմեշը: Գոմեշը, որը խորհրդանիշ է աշխատասիրության, որը համառ և համբերատար իր ուսերին է կրել իր բեռը: Այսօր աշխարհը լի է վայրագությամբ, չարությամբ, արժեքներ ու արժանապատվություն կորցրած բազմերեսանի մարդկանցով: Իմ երգն իմ բողոքն է այս ամենի դեմ և գովաբանումն է այն մարդու, ով ազնիվ ու արդար է ինքն իր առջև ու իր քայլերի մեջ, ով, ինչպես երգիս հերոսը, լուռ և պատվով իր բեռն է տանում ու երբեք չի բողոքում ու չի հանձնվում. նա հերոս է….»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիրուշոն: