«Նա միշտ մեր սրտերում կմնա, նրա ձայնի նմանը չկա ու չի էլ լինի»
Հայաստանը հրաժեշտ տվեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանին: Արամ Խաչատրյան համերգասրահի շրջակայքն առավոտից մարդաշատ էր: Հասարակությունը գալիս էր վերջին հրաժեշտը տալու վաստակաշատ արտիստուհուն: Առավոտյան ժամը 11:30-ի սահմաններում երգչուհու դին բերվեց Ֆիլհարմոնիկ համերգասրահի նախասրահ:
Դահլիճի դիմաց հավաքված հոծ բազմությունը՝ երկրպագուները, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչները, հրաժեշտ տվեցին Ֆլորա Մարտիրոսյանին: Հոգեհանգստի արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
«Նա միշտ մեր սրտերում կմնա, ես սիրում եմ իրեն, նրա ձայնի նմանը չկա ու չի էլ լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 74-ամյա Վարդան Ղուկասյանը, ով առավոտից համերգասրահի մուտքի մոտ հետ ու առաջ էր անում, հարցուփորձ անում դռնապաններին, թե ե՞րբ են բերելու իր սիրած արտիստուհուն:
Ֆլորա Մարտիրոսյանի արվեստի սիրահար մարտունեցի Հակոբ Մանուկյանը նույնպես վաղ առավոտից համերգասրահի շենքի մոտ էր: Տեղացող ձյան տակ կանգնած՝ նա իր զրուցակիցներին պատմում էր, թե իր համար որքան կարևոր են Ֆլորա Մարտիրոսյանն ու նրա երգերը:
Մեզ հետ զրուցել նա չցանկացավ՝ ասելով, թե հուզված է, չի կարող իր մտքերն արտահայտել: Փոխարենը՝ մեզ տվեց մի թուղթ, որի վրա տպագրված էր իր՝ Ֆլորա Մարտիրոսյանին նվիրված բանաստեղծությունը: «Հենց երգչուհու մահվան օրն եմ գրել: Ուղարկել եմ իր հարազատներին այնտեղ՝ ԱՄՆ»,- ասաց Հակոբ Մանուկյանը:
Ժողովրդական արտիստուհին մահացել էր ԱՄՆ-ում, նոյեմբերի 20-ին՝ հետվիրահատական բարդություններից հետո: Դեկտեմբերի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց եկեղեցում տեղի էր ունեցել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը, որը հանդիսապետել էր ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ ժողովրդական արտիստուհու դին տեղափոխվեց Երևան՝ իր հավերժական հանգիստը գտնելու Երևանի Քաղաքային պանթեոնում: