«Գնացեք դրան ասեք, որ սպասում եմ` ինձ դատի տա». ՀԱԿ անդամը` ՀՀԿ-ականին (տեսանյութ)

Դեկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսում ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը կարծիք էր հայտնել, որ դեկտեմբերի 2-ին Գյումրիի թիվ 35 կայացած ԱԺ մեծամասնական ընտրություններում, որտեղ հաղթեց ՀՀԿ ներկայացուցիչ Արման Սահակյանը, կիրառվել է ընտրակեղծիքների նույն մեխանիզմը, ինչ խորհրդարանական վերջին ընտրություններում և Հրազդանի քաղաքապետի ընտրություններում։ Այսինքն` իշխանություններն ընտրակաշառք են բաժանել:

Սրան ի պատասխան՝ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հակադարձել էր՝ ասելով. «Եթե որևէ մեկը կփորձի Գյումրիի ընտրությունների հետ կապված նման հերյուրանքներ տարածել, ես ինքս` որպես այդ ընտրությունների ակտիվ մասնակից, պարտավորվում եմ այդ մարդուն դատի տալ իր ասածների համար, եթե չապացուցի»:

Այնուհետև նույն ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսից առաջադրված Մուրադ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում խոստացավ ավելի ուշ մանրամասն և փաստարկված անդրադառնալ այդ թեմային, իսկ ի պատասխան հարցին` ի վերջո Գյումիում ընտրակաշառք բաժանե՞լ են, թե՞ ոչ, ասել էր. «Թող Սուքիաս Ավետիսյանը տվյալ պարագայում ինձ դատի տա, ավելի մանրամասն կլսի»:

Այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ Գուրգեն Եղիազարյանն, ի պատասխան 168.am-ի հարցին` ՀԱԿ-ն այժմ փաստեր ունի՞ Գյումրիում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ, ասաց. «Երբ ես ասում եմ` ինչպե՞ս եղավ, որ Գյումրիում ամբոխները խելագարված հարձակվեցին… Գյումրիում էդ տղան (Արման Սահակյանին,-Ա.Ս.) բացի ստադիոնը վերանորոգելուց, ասենք, կարող է` մի հատ էլ բաղնիք է վերանորոգել, և 18 հազար մարդ հարձակվում, իրար գլուխ ջարդելով` գնում, դրան ձայն են տալիս: Թույլ տվեք նման հիմարություններ չհավատալ: Իմ ընդդիմախոսն էլ ասաց, որ ինձ դատի կտա, 10 օր է անցել, դատի չի տվել: Գնացեք դրան ասեք, որ սպասում եմ` ինձ դատի տա: Գաղտնիքն ասե՞մ Ձեզ, ինձ դատի չի տալու: Գիտե՞ք` ինչու: Եթե ինձ դատի տվեց, դատի կտամ ՀՀԿ-ին` հայ ժողովրդին խաբելու համար, և Սերժ Սարգսյանին»:

Կարդացեք նաև

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս