«Սուքիաս ջան, նախևառաջ քեզ խորհուրդ եմ տալիս` պարտադիր անունդ փոխես». ՀԱԿ անդամը` ՀՀԿ-ական պատգամավորին

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը, խոսելով կիրակի օրը Գյումրի թիվ 35 և Ավանի թիվ 1 մեծամասնական ընտրատարածքներում  անցկացված ԱԺ ընտրությունների մասին, կարծիք հայտնեց, որ նշված ընտրություններում իշխանությունը կիրառել է ընտրակեղծիքների նույն մեխանիզմը, որը կիրառվել է խորհրդարանական վերջին ընտրություններում և Հրազդանի քաղաքապետի ընտրություններում:

«Հրազդան քաղաքում տուն առ տուն բաժանեցին 10 000 դրամ մեկ ձայնի համար, բերեցին կանգնեցրեցին տասնապետով և հարյուրապետով, որպեսզի հետևեն: Փողը տվեցին, տեսան ` անցավ: Էդ փողն էլ հոր տնից չեն բերել, էն որ հացի գինը հանկարծ բարձրանում է, այդ փողն է»,- ասաց ՍԴՀԿ ներկայացուցիչ Գ.Եղիազարյանը:

Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը պնդեց, որ Գյումրիում ընտրություններն անցել են օրենքի սահմաններում. «Եթե որևիցէ մեկը փաստ ունի, թող փաստերով գա, եթե ոչ, պատասխան է տալու: Ես շատ լավ գիտեմ` ինչ է կատարվել Գյումրիում»:

Ի պատասխան ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Ուրեմն Սուքիաս ջան, նախևառաջ քեզ խորհուրդ եմ տալիս` պարտադիր անունդ փոխես: Ընգերական եմ ասում. Սուքիասը թուրքերեն ա, նշանակում ա` ջուր կտրող»:

«Սուքիասը թուրքերեն չէ, Դուք տառերի տեղը փոխեցիք, թուրքերենը «յա»-ով է, «ի»-ովը հունարեն է»,- պատասխանեց Սուքիաս Ավետիսյանը:

«Հա, ի՞նչ ա նշանակում»,- հարցրեց Գուրգեն Եղիազարյանը, ինչին Ս. Ավետիսյանը հակադարձեց. «Դուք սխալ եք, «յա»-ով չի գրվում իմ անունը: Բարի եղեք` զբաղվեք ձեր պրոֆեսիոնալ գործունեությամբ»։

Հիշեցնենք, որ Գյումրիում ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրվեց ՀՀԿ անդամ Արման Սահակյանը` առավելության հասնելով ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանի նկատմամբ, իսկ թիվ 1 ընտրատարածքում նույնպես հաղթող ճանաչվեց ՀՀԿ ներկայացուցիչը` Ռոբերտ Սարգսյանը, ում մրցակիցը «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանն էր:

Տեսանյութեր

Լրահոս