Կարինե Ղազինյանի դին Հայաստան կտեղափոխվի շաբաթվա վերջին
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի դին Հայաստան կտեղափոխվի այս շաբաթվա վերջին: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Կարինե Ղազինյանը մահացել է դեկտեմբերի 6-ի վաղ առավոտյան Միացյալ Նահանգներում: Դիվանագետի մահվան պատճառը հետվիրահատական բարդությունն էր:
Կարինե Լորիսի Ղազինյան ծնվել է 1955թ. հունվարի 8-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը:
1977-1981թթ. աշխատել է Մոզամբիկում ԽՍՀՄ դեսպանությունում: 1983-1988թթ. աշխատել է Պորտուգալիայում ԽՍՀՄ դեսպանությունում: 1992-1994թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես իրավագիտության և բանասիրության ֆակուլտետների անգլերեն լեզվի դասախոս: 1997-1999թթ. Ռումինիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար: 1999-2001թթ. Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2001-2009թթ. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
2009 թ. մարտից 2011թ. սեպտեմբերի 8-ը` ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան- ԵՄ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող: 2010թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոց, գործադիր կառավարման դասընթացները:
2011թ. սեպտեմբերի 8-ից` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր: Դիվանագիտական աստիճանը` Արտակարգ և լիազոր դեսպան:
Պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշանով: