Վալենտինոյի ամենակարևոր հաճախորդը Ջեկի Քենեդին էր (լուսանկարներ)

Լոնդոնում՝ Somerset House-ում բացվել է «Valentino: Master of Couture», որում ներկայացված են դիզայների 130 ձեռագործ աշխատանքները: Այն հնարավորություն է տալիս նորովի հայացք նետել Վալենտինոյի արվեստին: Ցուցադրության համադրող Շոնա Մարշալն ասել է, որ ցուցահանդեսը ոչ թե ավանդական պատմական ռետրոսպեկտիվ է, այլև զուտ թեմատիկ ցուցադրություն է, որի շնորհիվ Վալենտինոն առաջին հերթին դիտարկվում է՝ որպես մարդ, ում արվեստը մեծ ազդեցություն է թողել իտալական նորաձևության վրա:

Ներկայացված է Վալենտինոյի անդրկուլիսյան կյանքը՝ շքեղությունը, որը երբևէ դիզայների ցուցադրությունների ընթացքում չի արտահայտվել: Somerset House-ի երկրորդ հարկում դիզայների հայտնի ցուցադրություններից նմուշներ են ներկայացված: Սակայն, ի տարբերություն նորաձևության ցուցադրությունների՝ այս անգամ մանեքենները հանդիսատեսի դերում են՝ Վալենտինոյի հագուստներով: Յուրահատուկ այս ցուցադրության մեջ ներկայացված է արքայադուստր Մարի Շանտալի հարսանեկան զգեստը, Ջեկի Քենեդի Օնասիսի 1968թ. հարսանեկան զգեստը, Գրեյս Կելլիի և այլոց հագուստները, որոնց հեղինակը լեգենդար դիզայներն էր:

Ցուցադրության առթիվ հանդիսավոր ճաշ էր կազմակերպվել. օրվա հերոսը նորաձևության մաեստրո Վալենտինոն էր: Նա շրջում էր ցուցասրահներում՝ իր հուշերով կիսվելով լրագրողների հետ: Նրա վերջին ցուցադրությունը տեղի էր ունեցել 2008 թվականի հունվարին: Նրա համոզմամբ՝ ժամանակակից դիզայներները գեղեցիկի զգացումը կորցրել են: Վալենտինոն այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքի բալետի համար կոստյումներ նախագծեց:

«Զարմանալի է, բայց այսքան տասնամյակներ անց ես առաջվա պես լի եմ էնտուզիազմով: Ես սիրում եմ իմ գործը, որով զբաղվում եմ իմ ողջ կյանքի ընթացքում, և որի հետ էլ ես կմահանամ»,- ասել է նա: Ներկայացված էին նաև Վալենտինոյի լուսանկարները՝ անձնական արխիվից: «Ես հիմա նայում եմ 1960-ականների իմ հագուստներին, ասես այսօր ստեղծված լինեն՝ և պահպանվածությամբ, և գաղափարներով: Իհարկե, տարբերություն, այնուամենայնիվ, կա. փոխվել են կանայք: Այսօր կանայք իրենց կերպարը և հագուստները օրը երեք անգամ փոխում են: Չնայած, իմ կարծիքով, միևնույն է՝ ավելի գեղեցիկ բան չկա, քան կինը՝ իր հագին լավ նստած տաբատով և վերնաշապիկով կամ սվիտերով»,- ասել է Վալենտինոն:

Կարդացեք նաև

Իր ամենահայտնի հաճախորդներից մեկի՝ Ջեկի Քենեդիի մասին դիզայները հիշում է մելանխոլիկ ժպիտով: Պատմում էր, թե ինչպես է Ջեկիի հանդերձարանի հատակին նստած՝ նրա հետ կարգի բերել հագուստները, իր հեղինակած զգեստները, վերարկուները, որոնք 1967 թվականին Ջեկին իր տանելու էր դիվանագիտական այցերից մեկին:

«Ջեկին իմ ամենակարևոր հաճախորդներից մեկն էր, ում պարտական եմ Ամերիկայում իմ ունեցած հաջողությունների համար: Հատկապես հաճելի էր, երբ իր հարսանիքի համար ընտրեց իմ զգեստը»,- հիշել է մաեստրոն:

Տեսանյութեր

Լրահոս