«Մեր գործը ԵԽ ԽՎ-ի հետ մենք այսօր կավարտենք ու կսկսվի ժողովրդի գործը». Լ. Զուրաբյան
Հայաստանում ԵԽ ներկայացուցչության գրասենյակի առջև Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ մեկնարկած Հայ ազգային կոնգրեսի երթի շրջանակներում ելույթով հանդես եկավ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Կարծում եմ՝ Ձեզնից ոչ ոք պատրանք չունի, որ՝ միջազգային հանրության ջանքերին ապավինելով, մենք կարող ենք մեր երկրում հաստատել ժողովրդավարություն և ազատություններ: Բոլորդ էլ հասկանում եք, որ դա մեր՝ հայ ժողովրդի գործն է: Ոչ ոք ազատությունն ու իրավունքները հենց այնպես չի տալիս: Պատմությունը ապացուցել է, որ ազատ հասարակություն ձևավորվում է ժողովրդի ընդվզման ժամանակ: Բայց հինգ տարի տանելով այս ազատագրական պայքարը, մենք կարևոր ենք համարում՝ այս ջանքեի մասին միջազգային հանրությանը տեղյակ պահելը:
Առավել ևս, որ անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը իր վրա միջազգային պարտավորություներ է վերցրել հարգելու մարդու իրավունքները: Անցյալ ԵԽ ԽՎ նստաշրջանին, որին ես մասնակցել եմ որպես պատգամավոր, ԵԽ ԽՎ-ն ընդունել է մի նոր բանաձև քաղբանտարկյալների սահմանման մասին, որոնց հինգ չափանիշները միանգամայն համապատսխանում են մեր չորս տղաների չափանիշներին: Հիմա Եվրոպայի խորհուրդն այն պետություններին, որտեղ կան քաղբանտարկյալներ, կոչ է արել վերանայել դատական վճիռները: Շուտով կկայանա վճռաբեկ դատարանի վճիռը մեր տղաների գործով, և կարևոր է, որ այս տեղեկությունը ոչ միայն իրազեկվի ԵԽ ԽՎ-ին, այլև ապացուցվի, որ այս պահանջի ետևում կանգնած է ժողովուրդը:
Սիրելի հայրենակիցներ, մենք հանդիպումներ ունեցել ենք Եվրոպայի խորհրդի պաշտոնյաների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հանդիպել է գլխավոր քարտուղարի հետ, և այս ամենի մասին նրանց տեղեկացվում է, բայց մեր գործը ԵԽ ԽՎ-ի հետ մենք այսօր կավարտենք ու կսկսվի ժողովրդի գործը: Ժողովուրդն է, ով կարող է Հայաստանում վերականգնել ժողովրդի իշխանությունն ու ազատությունը: Պատրա՞տ եք այդ պայքարին:
Հիմա մենք մեր եռանդուն երթով կշարժվենք Ազատության հրապարակ, և հասարակությանը ցույց կտանք, որ քաղաքացիական ակտիվ հատվածը մեր ժողովրդի պատաստ է վճռական քաղաքական պայքարի»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:
Տեսանյութը՝ այստեղ.