Մաշված խաղաքարտերի տրցակը

Երիցս ճիշտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը, ով Եվրոպայի խորհրդի փոխնախագահի հետ անկեղծություններ է փոխանակել` նկատելով. «Անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»: Եվ պարզ է, թե ինչու է հանրահայտ այս ճշմարտությունն այսքան հունից հանել Հանրապետական կուսակցությանը:

ՀՀԿ-ում ազդվեցին ոչ թե` որ հրապարակվեց ճշմարտությունը կոռումպացված իշխանավորների մասին, այլ` որ այդ մասին խոսեց մեկը` իրենցից: Հետաքրքիր էր ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի արձագանքը. նա ուղղակի ականջներին չէր հավատում:

Դեկտեմբերի 6-ին, երբ «Ազատություն» ռ/կ-ն ներկայացնում էր ԲՀԿ առաջնորդի` Եվրոպա կատարած այցի մանրամասները, տաքսիում էի: Գագիկ Ծառուկյանի գնահատականը` կոռումպացված իշխանությունների մասին, տաքսու վարորդն ուղղակի ցնծությամբ ընդունեց: Այս ընտրություններին նա իր ձայնը տալու է Գագիկ Ծառուկյանին, եթե վերջինս առաջադրվի: Վարորդն ասաց, որ ոչ մի պայմանով չի քվեարկի Սերժ Սարգսյանի օգտին: Պատմեց, որ փորձել է իր ընտանիքի օրվա հացն ապահովել` բջջային հեռախոսներ ներմուծելով և դրանք իր փոքրիկ կրպակում վաճառելով:

Նրան սպառնացել են, որ եթե շարունակի հեռախոսներ ներմուծել, կառգրավեն ամբողջ խմբաքանակը: Կարճ ասած, մարդուն թույլ չեն տվել ունենալ իր փոքրիկ և ընտանիքը կերակրող բիզնեսը: «Հիմա ես սրանց ինչի՞ ընտրեմ», – ռադիոընդունիչի ձայնը բարձրացնելով և նշան անելով` ուշադիր լսել, ասաց վարորդը:

«Գագիկ Ծառուկյանը միակ մեծահարուստն է, որը բարեգործություն է անում, ուզում է, որ ժողովուրդը լավ ապրի»: Ասաց, որ ինքն ու իր ընտանիքի անդամները մի հույս ունեն` ԲՀԿ առաջնորդը: Իմ հակափաստարկները, թե Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը նույն համակարգի, նույն արժեքի կրողներ են, որ երկուսն էլ նույնչափ մերժելի են, վարորդին բնավ չհամոզեցին:

Մտերիմներիցս մեկը, որը գտնում է, որ այս իշխանությունները պարզապես ձախողել են երկրի կառավարումը, միայն այն մտքից, որ կարող է երկրի նախագահ դառնալ Գագիկ Ծառուկյանը, պատրաստ է գիտակցված ընտրել ոչ արժանավոր մեկ այլ թեկնածուի: Այս դեպքում` Սերժ Սարգսյանին: Ընտրե՞լ Գագիկ Ծառուկյանին, քանի որ Սերժ Սարգսյանի օրոք մարդիկ բոլոր հիմքերն ունեն հուսահատվելու և արտագաղթելու, թե՞ ընտրել Սերժ Սարգսյանին, քանի որ Գ. Ծառուկյանին նախագահի պաշտոնում պատկերացնելը հոգեբանորեն ծանր է:

Սրանք տխուր մտորումներ են, որոնք ընտրողներիս ստիպում են առաջնորդվել, ինչպես միշտ, «չարյաց փոքրագույնին» ընտրելու անհրաժեշտությամբ:
Իրենցով փակելով քաղաքական դաշտը` Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն ընտրողներին դրել են անելանելի դրության մեջ: Սերժ Սարգսյանը, չգիտես ինչու, վստահ է, որ իրեն ընտրելու դեպքում ընտրողը հավասարակշռված ընտրություն է անելու, որ ինքը ստաբիլության և երկրի խաղաղության երաշխավորն է:

Գագիկ Ծառուկյանի համախոհներին թվում է, որ Գ. Ծառուկյանը ոչ այլ ոք է, քան ազգությամբ հայ Բիձինա Իվանիշվիլին, ով գալիս է իշխանության` աչքը կուշտ և լցված ժողովրդի վստահության հաճելի զգացումներով: Գ. Ծառուկյանի մտերիմներից մեկն ինձ ուղղակի ասաց. «Ծառուկյանը բարի է, կամեցող, մարդկային»: Ի դեպ, ԵԽ փոխնագահն էլ, Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո, նկատել է. «Հիանալի թեկնածու կլինի, քանի որ առանձնանում է մարդկային և լավատեսական հատկանիշներով»:
Հարցրեք բոլոր նրանց, ովքեր Սերժ Սարգսյանի հետ մասնակցել են հարյուրավոր «էլիտար» հարսանիքներից գոնե մեկին: Նրանից բարի, ժպտերես, կամեցող, ուրախ ղեկավար դժվար է պատկերացնել:

Սակայն «բարի, կամեցող, սրտաբաց» գնահատականները կարող են զարդարել գյուղից եկած աղջնակի երազանքների ասպետին: Երկրի ղեկավարի համար արժանիքները լրիվ այլ ոլորտից են:

Այս թեկնածուներին իրենց իսկ շրջապատը, շողոմ ու հաշվենկատ մարդկանց այդ մեծ բանակը, դարձրել է ձանձրալի ու անհետաքրքիր: Այս մարդիկ իրենց պոտենցիալը ճիշտ գնահատելու հնարավորություն չեն ունենում. առաջնորդին փառաբանողների աղմուկը խլացնում է բանական ամեն մի ձայն: Չկա մեկը, ով խոստովանի, որ թագավորը մերկ է, անգամ, եթե նա նոր կոստյումով է` «Brioni»-ից:

Իշխանության վերնախավին, ՀՀԿ-ական պատգամավորներին, կուսակցական էլիտային ձեռնտու է Սերժ Սարգսյանը: Ծառայողական մեքենաներ, գործուղումներ, «բարձրաշխարհիկ» միջավայր, արտոնություններ: Նույնն է նաև ԲՀԿ-ական էլիտայի դեպքում: Հանձին Գագիկ Ծառուկյանի` նրանք ունեն երջանիկ, առողջ և երկար-երկար տարիներ ապրելու հնարավորություն: Ինչ արժեր միայն ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի աղմկահարույց տեսանյութը: Այն դեպքում, երբ նրա գործունեությանը ծանոթ շատերի համար այն կուսակցությունը, ուր կհանգրվաներ նա, արդեն իսկ անվստահելի է:

Քանի որ Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանն ընտրողներին չեն ազատելու իրենց ներկայությունից` գոնե քվեաթերթիկներում, Լևոն Տեր-Պետրոսյանը չի խոստովանելու, որ քաղաքական դաշտում այլևս անելիք չունի, քանի որ հանրությունն ուժ չունի այս մարդկանց` իրենց մանկլավիկներով, հեռացնելու քաղաքական դաշտից, սեղանին մնալու է մաշված խաղաքարտերի նույն տրցակը` անհեռանկար և ձանձրացնող դասավորությամբ:

Տեսանյութեր

Լրահոս