Թուրքիան Հայաստանի համար ժամանակ չունի
«Ներկա փուլում որևէ նշան չկա, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել: Նշան չկա, որ Թուրքիան շահագրգռված է այդ հարաբերությունների կարգավորմամբ: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ներգրավվել է Մերձավոր արևելյան խնդիրներով, և ժամանակ չունի զբաղվելու Հարավային Կովկասով, և մանավանդ՝ Հայաստանով»,- 168.am-հետ զրույցում ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Մեր հարցին, թե արդյոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դադարն առաջիկայում կընդհատվի՞, թուրքագետը պատասխանեց, թե Թուրքիայի գորճելաոճը բոլորովին էլ այդ մասին չի խոսում:
Նա չբացառեց նաև այն տարբերակը, որ Հայաստանի նկատմամբ անտարբերության պատճառը ոչ միայն տարածաշրջանային խնդիրների ներգրավվածությունն է, այլ այն, որ Թուրքիան պարզապես նշանակություն չի տալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:
«Հնարավոր է: Հիմա ես չեմ ցանկանում վերլուծել Թուրքիայի աշխարհառազմավարական և աշխարհաքաղաքական մոտեցումները և դրա շրջանակներում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, բայց ամեն դեպքում մենք կարող ենք արձանագրել, որ Թուրքիան հետաքրքրություններ չի ցուցաբերում»,- նկատեց նա:
Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանի ակտիվությունը պայմանավորված էր նրանով, որ ռուս-վրացական պատերազմի պատճառով Թուրքիան մտավախություն ուներ, թե կարող է ընդհանրապես տարածշրջանում կորցնել իր ազդեցությունը և փորձում էր Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելով` Հարավային Կովկասում դիրքերը պահել:
«Հիմա արդեն Թուրքիայի համար ամեն ինչ պարզ է և այդ պատճառով այս պահին այս տարածաշրջանով Թուրքիան հետաքրքրված չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ, հարաբերությունների կարգավորման դադարը սխալ է պայմանավորել Հայաստանի դիրքորոշմամբ և մասնավորապես այն հանգամանքով, որ Հայաստանում ևս դրա ժամանակը չունեն, քանի որ նախընտրական խնդիրներով են զբաղված:
«Չեմ կարծում, թե դա գործոն է այդ հարցում, քանի որ եթե Թուրքիան ցանկություն ունենար, քայլեր կձեռնարկեր, կփորձեր տարածաշրջանում հանդես գալ ոչ թե որպես Ադրբեջանի պաշտպանը կամ հովանավորը, այլ կներկայանար որպես մի պետություն, որը շահագրգռված է կայունության հաստատմամբ, տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորմամբ, բայց նման բան մենք չենք տեսնում»,-ասաց Ռ.Սաֆրաստյանը:
Անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը, թե Թուրքիան ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ղարաբաղյան խնդրի շուրջ`Ռ.Սաֆրաստյանը նշեց, թե երբ տեղի է ունենում տարածաշրջանային երկու խոշոր պետությունների հանդիպում, Ղարաբաղի հարցի կարգավորումը կարող է քննարկվել, սակայն դա չի կարող ազդեցություն ունենալ, քանի որ Թուրքիան միջնորդական առաքելություն չի իրականացնում:
Նշենք, որ Ահմեդ Դավութօղլուն թուրքական «Sabah» թերթին տված հարցազրույցում ասել է, թե Թուրքիան ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացնում ղարաբաղյան թեմայով:
Ահմեդ Դավութօղլուն կարծիք էր հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ևս մեկ տարով քնեցվել է, ինչը պայմանավորված է 2013 թվականին Հայաստանում և Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
Ի դեպ, այս հրապարակման մեջ Թուրքիան «խորհուրդներ» է տալիս Հայաստանին, թե ինչպես օգտվել այդ թայմ-աութից, որպեսզի «մեկ տար անց չհայտնվի ձիու դերում, որին բոլորը քշում են»:
Հարցին, թե արդյոք նման հայտարարությունները չեն վկայո՞ւմ այն մասին, որ Թուրքիան, այնուամենայնիվ, ցանկանում է դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման կողմ, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Թուրքիայի վաղեմի նպատակն է դառնալ Մինսկի խմբի չորրորդ համանախագահը, բայց դա անհնարին է, որովհետև հայկական կողմը համաձայն չէ, քանի որ Թուրքիան բացահայտ միակողմանի դիրքորոշում ունի»: