«ժամանակին իշխանության մեջ եղած մարդիկ հիմա փրկչի թիկնոց են հագնում»

Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել էր, թե ի տարբերություն 2007 թվականի, 2012 թվականին ժողովրդի անվստահությունը մեծացել է ընտրական գործընթացների նկատմամբ: Ուստի, ըստ նրա՝ այսօր առաջնայինն ամենևին էլ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելը չէ:

168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե՝ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ կարգախոսը՝ «Հավատանք, որ փոխենք», չի՞ ապացուցել իր անարժանահավատությունը՝ հաշվի առնելով այն, որ համատարած անվստահության մթնոլորտ է տիրում երկրում: Նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Գալուստ Սահակյանը նկատում է այդ անվստահության մթնոլորտը:

«Ոչ, չեմ նկատել, առավել ևս ասեմ, որ հենց այսօր նրանք, ովքեր փորձում են իբրև թե համատեղել իրենց ուժերը, ինչ-որ քննարկումներ անել, իրենց կտրել են ժողովրդից, մտածում են, թե կնստեն-կորոշեն, և ժողովուրդը կընդունի: Պետք է աշխատել ժողովրդի հետ, առավել ևս՝ խոսքս չի կարելի վերագրել Արմեն Ռուստամյանին, որովհետև նաև Դաշնակցությունում բավականին անկեղծություն կա:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ քաղաքական դաշտում ասում են, թե երկիրը կործանման եզրին է կանգնած, իսկ ասողներ կան, նրանք այն մարդիկ են, ովքեր ժամանակին իշխանության մեջ են եղել և չեն ընդունվել ժողովրդի մեջ, և հիմա փրկչի թիկնոց են հագել: Մեր ժողովուրդը փրկչի կարիք չունի: Մեր ժողովուրդն ինքն է դիմագրավում, ինքն է հյուսում իր ճակատագիրը»:

Իսկ հարցին՝ փորձե՞լ եք պարզել, վերլուծել, թե ինչո՞ւ են մարդիկ թողնում-հեռանում երկրից, Գ. Սահակյանը պատասխանեց. «Երկրից հեռանում են, որովհետև աշխատատեղերի պակաս կա: Տարբեր առիթներով են հեռանում: Երկրից հեռանում են, որովհետև նմանատիպ մասնագիտություն մի այլ երկրում պայմանավորում են ավելի բարձր աշխատավարձով: Աշխարհը շրջուն է: Երկրից հեռանում են, որովհետև երկիրը պատերազմական իրողությունների մեջ է, և այնպես չէ, որ իշխանությունների կամ պետության ձեռքն ամեն մի օջախի հասնում է:

Ես գտնում եմ, որ դա ոչ թե բնական, այլ խոցելի երևույթ է: Եվ առաջինը մենք ենք արձանագրում և արձագանքում, և փորձում ենք որոշակիորեն և՛ օրենսդրությամբ, և՛ իշխանության պահվածքը փոխելով՝ դաշտը ստեղծել, որպեսզի մեր հայ ժողովրդի զավակներն այլ երկրներում չապրեն: Դա չի նշանակում, որ մարդիկ երկիրը թողնում են և «փրկիչների» ասածով` երկիրն արդեն կործանման եզրին է: Այն հայը, որ կգտնի, որ երկիրը կործանվում է և կանձնավորի, որ իրենք «փրկիչներ» են, նա չի սիրում իր ժողովրդին»:

Հարցին, թե ինչո՞ւ հասարակ քաղաքացուն տեսանելի չեն նշված փոփոխությունները՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հակադարձեց` ասելով. «Կարծում եմ` եթե Հանրապետականի ամբողջ իրողությունները նայենք, ապա 1999թ. մենք բյուջե էլ չունեինք, մենք ապահովեցինք տնտեսական աճ, և ժողովուրդը բավականին հավատով լցվեց: Հետո եկավ ֆորսմաժորային ժամանակաշրջան, որը կախված չէր որևէ պետությունից, այլ կախված էր ամբողջ աշխարհից: Եվ բնական է, որ ռեսուրսները պետք է թուլանային: Իսկ երբ ռեսուրսները թուլանում են, բնականաբար, ունենում ենք նաև աղքատության աճ»:

Տեսանյութեր

Լրահոս