Skype-ում կլինի նաև տեսահաղորդագրության ուղարկելու հնարավորություն
Skype ինտերնետ ծառայությունը մտադիր է հաղորդագրության նոր տեսակ ներմուծել՝ տեսահաղորդագրություն: Այս մասին հայտնում է ITworld-ը: Նոր ծառայությունը նման կլինի MMS-ին, միայն թե այն լինի նաև տեսագրություններով:
Այս նոր ծառայությունը հիմնականում կվերաբերի ծառայության վճարովի օգտվողներին: Նշենք, որ Skype Premium-ի ամենամսյա վճարը 8,99 դոլար է: Այդ վճարի դիմաց օգտատերերը լրացուցիչ մի շարք հավելյալ կարգավորումների հնարավորություն են ստանում: Ըստ լուրերի՝ ծրագրի արդեն հաջորդ թարմացումներում տեսահաղորդագրությունների գործառույթը հասանելի կլինի:
Skype-ի վճարովի տարբերակի օգտատերերը կարող են անսահմանափակ ծավալով տեսագրություններ ուղարկել, ընդ որում՝ ուղարկված նյութերը կարող են անժամկետ պահպանվել բազայում :
Ինչ վերաբերում է Skype-ի անվճար օգտվողներին, ապա նրանց համար տեսահաղորդագրությունների ծառայությունը որոշ սահմանափակումներ կունենա: Կսահմանափակվի ուղարկվող հաղորդագրությունների ծավալը, ստացված կամ ուղարկված նյութերը կպահպանվեն ընդամենը 90 օրվա ընթացքում: