387 թվականից՝ մինչև մեր ժամանակները
Երեկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Վիկտոր Խրիստենկոն Եվրասիական միության նախագծում զբաղեցնում է այն պաշտոնը, ինչ Ժոզե Մանուել Բարոզուն` Եվրամիության կազմում. Բարոզուն Եվրահանձնաժողովի նախագահն է:
Այնպես որ, ամենևին էլ պատահական չէ, որ Եվրահանձնաժողովի նախագահի այցից 4 օր անց Հայաստան է գալիս Եվրասիական հանձնաժողովի նախագահը:
Կառավարության կայքէջում շատ համառոտ տեղեկություն կա այդ հանդիպման մասին. նշվում է միայն, որ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում` Մաքսային միությանը:
Վիկտոր Խրիստենկոն ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել Մաքսային միության շրջանակներում տեղի ունեցող գործընթացները, ձեռքբերումներն ու արդյունքները, ինչպես նաև` իրավապայմանագրային դաշտը: Զուգահեռ նշվում է, որ Տիգրան Սարգսյանը անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, նշել է, որ այժմ հաջողությամբ ընթացքի մեջ են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները, որոնք մեր երկիրը նախատեսում է ավարտին հասցնել 2013թ.:
Այս հաղորդագրությունից կարելի է հասկանալ մի բան. Վիկտոր Խրիստենկոն վարչապետ Տիգրան Սարգսյանին ասել է, որ Մաքսային միության մեջ մտնելու դեպքում Հայաստանը կարող է ձեռքբերումներ արձանագրել, և ներկայացրել է այն փաստաթղթերը, որոնք իրենք ակնկալում են, որ Հայաստանը կստորագրի, իսկ Տիգրան Սարգսյանը դիվանագիտորեն «ցրել» է` ասելով, որ Հայաստանը բոլորովին այլ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել` ոչ թե Եվրասիական միության, այլ Եվրամիության հետ:
Երեկ մենք վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեցինք, թե արդյո՞ք Վիկտոր Խրիստենկոն իրեն առաջարկել է, որ Հայաստանը մտնի Եվրասիական միության մեջ:
«Ոչ»,- շատ չոր պատասխանեց վարչապետը: Այնուհետև մենք փորձեցինք հստակեցնել, թե արդյո՞ք Հայաստանը որոշել է, թե ո՞ր կառույցին է անդամակցելու, քանի որ մինչ այդ խորհրդարանի դահլիճում հայտարարել էր, որ Հայաստանը Եվրամիության և Եվրասիական միության հետ հարաբերությունները դիտարկում է` որպես փոխլրացնող գործընթացներ:
Մեր կողմից չորս անգամ հնչեցված «Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն» հարցը վարչապետը անընդհատ շրջանցում էր, բայց ի վերջո ասաց, որ ինքն արդեն պատասխանել է այդ հարցին, որ դրանք փոխլրացնող են:
Սա, իհարկե, պատասխան չէ, այլ ընդամենը պատասխանից խուսափելու միջոց: Հայաստանը չի կարող միաժամանակ շարժվել դեպի Եվրամիություն և Եվրասիական միություն, դա նույնն է, որ խաչմերուկում կանգնած մարդը շարժվի միաժամանակ և աջ և ձախ: Հայաստանում չեն ուզում հարաբերությունները վատացնել ոչ Եվրասիական միության, այսինքն` Ռուսաստանի, և ոչ էլ Եվրոպական միության հետ, և նրանց երկուսի ներկայացրած պահանջներին էլ «այո» են ասում:
Մեր ունեցած տեղեկություններով` Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նույնպես վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոչ ուղիղ, բայց որոշակի խոստումներ տվել է առ այն, որ Հայաստանը կարող է շարունակել ինտեգրացիան Եվրասիական միության կառույցների հետ: Բայց ռուսները շատ հստակ պահանջ են դնում. հայտարարեք, որ անդամակցում եք Մաքսային միությանը, ստորագրեք համապատասխան իրավապայմանագրային փաթեթը, և վերջ:
Ռուսները պահանջում են, որ այդ հստակությունը մտցվի մինչև նախագահական ընտրություններ, որպեսզի իրենք էլ հստակեցնեն իրենց անելիքը:
Հայաստանը կուզենար երկար ժամանակ փոխլրացնել Եվրասիական միության և Եվրամիության հետ հարաբերությունները, բայց եկել-հասել է մի ճամփաբաժանի, որ այլևս պետք է ընտրություն կատարի, քանի որ կողմերից յուրաքանչյուրը հստակեցում է պահանջում: Ո՞ր ուղղությամբ կշարժվի Հայաստանը, և ինչպիսի՞ ընտրություն կկատարի:
Հայաստանի քաղաքական էլիտայի այն ներկայացուցիչները, ովքեր կողմ են, որ Հայաստանն անդամակցի Եվրասիական միությանը, և դրա մեջ են տեսնում Հայաստանի զարգացման հեռանկարը, համոզված են, որ Եվրամիության հետ տարվող բանակցություններն ընդամենը հնարավորություն են Հայաստանի համար, որպեսզի նա շանտաժ անի Եվրասիական միությանը, և այդ միությանը միանալու դիմաց ավելի մեծ գին ստանա, միության անդամ դառնա ավելի լավ պայմաններով: Նրանք պնդում են, որ Հայաստանը հայտարարելու է Եվրասիական միությանը միանալու իր որոշման մասին, և, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք առաջիկա այցի ժամանակ:
Նրանք, ովքեր համարում են, որ Հայաստանի ապագան Եվրամիությունն է և եվրաինտեգրումը, համոզված են, որ Հայաստանի իշխանությունն ունի ռազմավարական որոշում` Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու առումով, իսկ Ռուսաստանի հետ ներկայիս բանակցություններն անհրաժեշտ է շարունակել մինչև նախագահական ընտրություններ, որպեսզի Ռուսաստանի իշխանությունները չխանգարեն մեր իշխանության վերարտադրությանը: Իսկ ահա ընտրություններից հետո իշխանության ձեռքերը ավելի ազատ կլինեն եվրաինտեգրման գործընթացը շարունակելու համար:
385թ. Հայաստանի սպարապետ, Պապ թագավորի որդու խնամակալ Մանվել Մամիկոնյանը հայկական թագավորությունը կտակեց Բյուզանդիային: Մանվել սպարապետի մահից հետո, երբ Բյուզանդիայի կայսր Թեոդոս 1-ինը որոշեց ի կատար ածել կտակը, պարզվեց, որ Հայաստանի արևելյան նահանգների իշխանական տների ներկայացուցիչները` Սյունիները, Բագրատունիները և ուրիշներ, չհամաձայնվեցին այս կտակի հետ, ասելով, որ Մամիկոնյան իշխանն իրավասու չէր իրենց տարածքները կտակել Բյուզանդիային:
Ի վերջո, Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև բանակցությունների արդյունքում որոշվեց Հայաստանը կիսել երկու մասին. Արևելյան և Արևմտյան: 387թ. Հայաստանն առաջին անգամ բաժանվեց, որին հետևեցին այլ բաժանումներ:
Արդյո՞ք Հայաստանը հերթական անգամ կանգնած է հերթական բաժանման առաջ:
«168 ԺԱՄ»