Ի՞նչ ենք անելու, երբ հերթական անգամ ժողովրդին դեմ տան ավտոմատի փողին
«Դեռ 20 օր առաջ հրապարակային եմ ողջունել Դաշնակցության ներկայացրած կետերը»,- նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմության միասնական օրակարգ և ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով այսօր ՀՅԴ կազմակերպած հրապարակային քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:
«Մեր բարեկամներին իսկապես հաջողվել է բավական հավասարակշռված մի փաստաթուղթ ներկայացնել, որը շատ հարմար փաստաթուղթ է, որովհետև զերծ է գաղափարական ինչ-որ վեճեր հարուցելու խնդրից և կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի քաղաքական ուժերի մի լայն սպեկտոր միավորվի դրա շուրջ»,- ասաց նա:
Միաժամանակ Կարապետ Ռուբինյանը նշեց, որ Դաշնակցության ներկայացրած կետերում որոշ հարցեր կարող են բացվել, և այդ ամենի մասին կարելի է խոսել, բայց դրա համար նախևառաջ անհրաժեշտ է միավորվել: Իսկ այդ միավորման համար Կ.Ռուբինյանը մի քանի խնդիրներ է տեսնում.
«Ամենակարևոր խնդիրն այն է, որ, այնուամենայնիվ անհասկանալի է` եթե ինչ-որ հրաշքով տեղի ունենա նման մի համախմբում և սկսվի պայքարը Հայաստանի ժողվրդավարացման համար, այսինքն` պայքարը` քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ… հետո գալիս, դեմ ենք առնում հերթական խայտառակ կեղծված ընտրությունների և, ի վերջո, ժողովրդին դեմ են տալիս ավտոմատի փողին: Ի՞նչ ենք անելու այդ ժամանակ: Այդ հարցի պատասխանն ինձ համար պարզ չէ, չնայած միշտ էլ ասել եմ, որ այլ ելք չկա. ընտրությունները պետք է թողնվի իշխանությունը բռնազավթածներին, և եթե հերթական անգամ պիտի կրակեն, ուրեմն պիտի կրակեն: Ուրիշ ելք չկա»:
Կ. Ռուբինյանի երկրորդ` «ավելի նվազ անհանգստությունն» այն է, որ պետք է ի սզբանե ստեղծվեն գործուն երաշխիքներ, որպեսզի այդպիսի մի միավորման դեպքում և ներքին, շատ ժողովրդավարական, ազատ ընտրություն կատարվի. «Դաշնակցությունը նախնական ընտրություններ կազմակերպելու փորձն ունի, բայց այդ երաշխիքները պետք է ի սկզբանե ստեղծվե՞ն: Ճիշտ եք ասում` առայժմ անձերից չխոսենք, բայց այդ անձերը, ովքեր պիտի իրենց մասնակությունը բերեն, պետք է համոզված լինեն, որ արդար մրցակցության արդյունքում կարող են հաղթել և հաղթելուց հետո բոլոր միավորված ուժերն ընդունելու են այդ թեկնածուին»:
ԱԺ նախկին փոխնախագահը ևս մեկ հարց տվեց, թե ի՞նչ երաշխիքներ պիտի ստեղծվեն, որ հաղթած թեկնածուն կիրականացնի այդ ճանապարհային քարտեզն` իր բոլոր կետերով` «տառ առ տառ»:
«Ինքներդ էլ գիտեք, որ իշխանական լծակները ստանձնելուց հետո կան և´ գայթակղություններ, և´ լծակներ` տարբեր խառնակություններ անելով այդ ծրագիրը խափանելու համար: Ինչևիցէ, կրկին ողջունում եմ Դաշնակցության նախաձեռնությունը: Լավ կլիներ, որ մի թեթև էլ ինֆորմացիա ունենայինք, թե նախնական բանակցություններն ի՞նչ աստիճանի հուսադրող են և ի՞նչ պայմանավորվածություններ կան»,- ավարտելով իր խոսքն` ասաց Կ.Ռուբինյանը: