Եվրոպացի պատգամավորները ԲՀԿ ղեկավարի միջազգային քաղաքական գիտելիքները համարում են թո՞ւյլ
«Նման բովանդակության հաղորդագրությունը ես որակում եմ ամոթ, ուղղակի ամոթ է նման բովանդակությամբ հաղորդագրություն տարածելն ու դրա առկայությունը: Հստակ երևում է, որ դա ներքին լսարանի համար պատրաստված թատերական ներկայացում է, բայց պետք է նշեմ, որ այդ թատերական ներկայացման առաջին հարվածը հենց ԲՀԿ-ի և նրա ղեկավարի վրա է ընկնում, որովհետև ամեն ինչ չէ, որ կարելի է ասել և ամեն ինչ չէ, որ արդարացված է»,- ըստ news.am-ի՝ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդարդառնալով Բրյուսելում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին:
Նաև հավելել է. «Նույն այդ այցի հետ կապված, մենք չենք ասում, չէ՞, որ շատ եվրոպացի պատգամավորներ ԲՀԿ-ն համարում են արհեստական ուժ, մենք չենք ասում, որ եվրոպացի շատ պատգամավորներ, ում հետ հանդիպել է ԲՀԿ ղեկավարը, նրա միջազգային քաղաքական գիտելիքները համարում են թույլ, մենք չենք ասում, որ ԲՀԿ-ն, ըստ Եվրոպայում առկա կարծիքի՝ հասել է որոշակի հաջողության պոպուլիստական քաղաքականության արդյունքում, մենք չենք ասում, չէ՞, որ ըստ մեր եվրոպացի գործընկերների՝ ԲՀԿ-ում ներքին ժողովրդավարություն չկա, մենք չենք ասում, չէ՞, որ հաշվի առնլով այս հանգամանքը, որոշ եվրոպացի գործընկերներ չեղյալ են հայտարարել ԲՀԿ ղեկավարի հետ հանդիպումները, մենք չենք ասում, չէ՞, որ, ի վերջո, եվրոպական կառույցների միջանցքներում կազմակերպել են փոքրիկ թատերական ներկայացումներ, սրտաճմլիկ ներկայացումներ հայ որոշ երիտասարդների մասնակցությամբ: Մենք շատ բան չենք ասում և միշտ չէ, որ ասելը օգուտ է»:
Շարմազանովը նաև հորդորել է ԲՀԿ առաջնորդին և նրան խորհուրդ տվողներին ընթերցել Սըր Ուինսթոն Չերչիլի կենսագրությունը, որտեղ ասվում է. «Ես անխնա քննադատում եմ իմ երկրի իշխանություններին երկրի ներսում, բայց երբեք ինձ շռայլություն թույլ չեմ տա քննադատել իմ երկրի կառավարությանը երկրի սահմաններից դուրս»:
Պատասխանելով դիտարկմանը, թե՝ դատելով այս հաղորդագրության մեջ տեղ գտած ձևակերպումներից, կարելի է ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանն այլևս բացառում է Սերժ Սարգսյանին սատարելու հնարավորությունը, Էդուարդ Շարմազանովն ասել է. «Այդ հարցն ուղղեք Գագիկ Ծառուկյանին և նրա կուսակցությանը, բայց այնպես էլ չի, որ ով սատարի կամ սատարեր Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ն պետք է գրկաբաց ընդունի: ՀՀԿ-ն իրականացնում է իր քաղաքականությունն իր նախագահի գլխավորությամբ և այսօր ՀՀԿ նախագահը և ապագա նախագահի թեկնածու գործող նախագահը մրցակցությունից դուրս է»:
Միևնույն ժամանակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՀՀԿ- երբեք կամուրջները չի այրում և գտնում է, որ պետք է առաջնորդվել հավասարակշռված քաղաքականությամբ, հանդուրժողականությամբ և երկխոսությամբ, իսկ ընտրությունները, նրա խոսքով, ընդամենը քաղաքական գործընթաց է:
Ի պատասխան այն հարցին, կազդե՞ն արդյոք վերջին զարգացումները ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների վրա, Էդուարդ Շարմազանովն ասել է. «Մենք կոռեկտ, հարգալից հարաբերություններ ունենք բոլոր քաղաքական ուժերի հետ: Ոչ նախկինում և ոչ էլ հիմա, Հանրապետականը անձնական վիրավորանքների ճանապարհով չի գնում: Հանրապետականը հարգալից է վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին, ապագա նախագահական գործընթացի բոլոր մասնակիցներին, բայց միևնույն ժամանակ պատասխանում է անհեթեթ գնահատականներին»:
Հարցին, թե արդյոք վերջին զարգացումները պայմանավորվա՞ծ են այն հանագամանքով, որ ՀՀԿ-ն զիջումների չգնաց վարչապետի պաշտոնին ԲՀԿ-ի ունեցած հավակնություններին, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Մենք պաշտոններ վաճառելու, պաշտոններ սրան-նրան նվիրելու և մութ գործարքներով չենք զբաղվում, մեր քաղաքականությունը հիմնված է ծրագրային դրույթների և պետության զարգացման տեսլականի վրա, մենք ունենք լուրջ ծրագրեր, մենք գտնում ենք, որ պետության և ազգային շահը շատ կարևոր է և չենք առաջնորդվում այս կամ այն քաղաքական գործչի կամ քաղաքական թիմի թվացյալ կապրիզներով»: