Առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել. ԵԽ փոխնախագահ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Դեկտեմբերի 5-ին մեկնարկել է «ԲարգավաՃ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի  գլխավորած խորհրդարանական  պատվիրակության  այցը Բրյուսել: Եվրոպական  խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան  պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ  հանդիպումների շարքը մեկնարկել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով:

Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան  պաշտոնյային՝ ԲՀԿ  նախագահ  Գագիկ Ծառուկյանը  նշել է, որ ԲՀԿ-ն այսօր այստեղ է Եվրոպական կուսակցությունների  հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի  գերկայություններից մեկն է: Միջկուսակցական համագործակցության  խորացմանը միտված ծրագրերի  քննարկումից   զատ  կողմերը  զրուցել  են նաև  Հայաստանի  տնտեսական քաղաքականության վերաբերյալ հարցերի շուրջ:

Անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է  երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ  պայքարը ղեկավարում: Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրների մասին, այդ  թվում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա նախագահական ընտրություններին:

Ծանոթ լինելով ԲՀԿ գաղափարական  և քաղաքական գործունեությանը՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան հաստակամություն ու պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ԲՀԿ-ի՝ Եվրոպական կուսակցությունների հետ համագործակցության ընդլայնմանը միտված քաղաքականության կենսագործմանը: Փոխնախագահն ընդգծել է, որ ցանկացած տեսակի համագործակցության կայացման ու արդյունավետության առաջին գրավականն ու երաշխիքը մարդկային հարաբերություններն են և այդ  համատեքստում կարևորում է ԲՀԿ նախագահի հետ ծանոթությունը:

Անձնական ծանոթությունից հետո Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկան նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով: Հագեցած օրակարգով հանդիպման ավարտին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկային հրավիրել է այցելել Հայաստան, որտեղ կարող են նաև առավել հանգամանորեն քննարկել առաջիկա գործակցության հեռանկաները:

Դեկտեմբերի  հինգին ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի    գլխավորությամբ հանդիպում են ունեցել նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ:

Հանդիպման  շրջանակներում առաջնային թեման առաջիկա  նախագահական ընտրություններն են եղել: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն մշտապես հանդես է   եկել  բացառապես ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման դիրքերից: Անդրադարձ է կատարվել նաև եվրոպական կառույցների կողմից ընտրությունների ժամանակ երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդական առաքելությունների  իրականացման գործընթացին:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանում իրենց  դիտորդական առաքելությունն իրականցնող կառույցները ուշի ուշով հետևելու են  ներքաղաքական բոլոր  զարգացումներին:

ԲՀԿ նախագահի հերթական հանդիպումը կայացել է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլի, եվրոպական խորհրդարանում դաշինքի  քաղաքական խմբի ղեկավար Մարտին Կալանանի հետ, որտեղ ևս քննարկվել են կուսակցությունների միջև  համագործակցության ընդլայնման հեռանկարները: Կողմերը  պայմանավորվածություն են ձեռք  բերել  առաջիկայում հանդիպել արդեն առավել գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով:

«Բարգավաճ Հայաստան» կուսկացության նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը  շարունակվելու է նաև  վաղը՝ դեկտեմբերի վեցին»:

Տեսանյութեր

Լրահոս