ՀԱԿ-իշխանություն համագործակցության փորձը կանխվեց
Երեկ կարող էր կայանալ ՀԱԿ-ՀՀԿ երկխոսության ևս մեկ փուլը, սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կանխեց ՀԱԿ-ի երկխոսելու մղումը: ՀԱԿ խմբակցությունը ԱԺ-ում քննարկման դրեց հակամենաշնորհային փաթեթը, որտեղ բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ էին ներառված: ՀԱԿ-ի անունից փաթեթը ներկայացնող խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կրկնեց այն, ինչ արդեն վաղուց հայտնի է բոլորին. Հայաստանի տնտեսության մեջ գերիշխող դիրք են զբաղեցնում մոնոպոլիաները, բազմաթիվ ապրանքների ներկրումն իրականացվում է մեկ ընկերության կողմից, և դա արվում է իշխանության հովանավորությամբ:
Նա ներկայացրեց միջազգային կառույցների բացասական գնահատականները: Լևոն Զուրաբյանը առաջարկում էր` որպես մոնապոլիաների դեմ պայքարի միջոց, հարկել նրանց ստացած գերշահույթների մինչև 90 տոկոսը:
Կառավարության տեսակետը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էլ իր հերթին ներկայացրեց միջազգային տարբեր մարմինների գնահատականների դրական հատվածները, հայտարարեց, որ Հայաստանում չկան մոնոպոլիաներ, այլ կան տվյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, և կառավարության նպատակն էլ այն չէ, որ պայքարեն այդ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների դեմ կամ զբաղվեն շուկայի վերաբաշխմամբ, այլ ընդամենը թույլ չտալ, որ այդ ընկերությունները չարաշահեն իրենց գերիշխող դիրքը: Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են աշխատել այդ խնդիրների լուծման ուղղությամբ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է ՀԱԿ ներկայացրած հակամենաշնորհային փաթեթը դներ քվեարկության, սակայն, քանի որ դահլիճում քվորում` 66 պատգամավոր չկար, նա հայտարարեց, որ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Բայց Լևոն Զուրաբյանն առաջարկում էր, որ իրենք կառավարության հետ այս խնդրի հետ կապված աշխատեն, նկատի ունենալով Տիգրան Դավթյանի արտահայտած պատրաստակամությունը: Սակայն ԱԺ նախագահն ասաց, որ ՀԱԿ-ը կառավարության հետ կարող է հակամենաշնորհային փաթեթի վրա աշխատել մինչև առավոտ, մինչև քվեարկությունը: Ահա այսպես Հովիկ Աբրահամյանն սահմանափակեց ՀԱԿ-ի` կառավարության հետ համագործակցելու ժամկետը: Կարծում ենք, միքանիժամյա համագործակցությունը դժվար թե ՀԱԿ-ի համար բարձր արդյունավետություն ապահովի: