Ոստիկանությունը կանանց հորդորում է չգայթակղել հնարավոր մոլագարներին. ոստիկանության 11 խորհուրդը կանանց
Ոստիկանությունը մշակել է խորհուրդների մի ամբողջ շարք` նպատակ ունենալով ճիշտ կողմնորոշել կանանց` բռնության ենթարկվելու սպառնալիքի դեպքում: Այդ խորհուրդներն, իհարկե, անվտանգության բացարձակ երաշխիք չեն, բայց, կարծում ենք, դրանք իմանալն օգտակար կլինի, առավել ևս երբ մեր օրերում հաճախակի են դարձել կանանց նկատմամբ ոտնձգությունների մասին լուրերը:
Եվ այսպես`
Խորհուրդ 1. Չվստահել անծանոթ ու տարօրինակ վարք ունեցող տղամարդկանց: Կասկածամտությունը յուրօրինակ ինքնապաշտպանական ‹‹բնազդ›› է, որ երբեմն դիմացինին ստիպում է վերանայել իր մտադրությունը:
Խորհուրդ 2. Բուն ինքնապաշտպանության անհրաժեշտ է դիմել միայն այն ժամանակ, երբ կարող եք ակնկալել ուրիշների օգնությունը: Հարձակումը կարելի է կասեցնել հարձակվողի ուղղությամբ անսպասելի ինչ-որ իր նետելով` պայուսակ, բանալիների խուրձ և այլն:
Խորհուրդ 3. Եթե նկատում եք, որ ձեզ հետապնդում են, փորձեք փոխել երթուղին, սակայն նախապատվությունը տվեք ձեզ հայտնի և հնարավորինս մարդաշատ ուղիներին:
Խորհուրդ 4. Գիշերային ժամերին ինչ-որ տեղ ուղևորվելիս խնդրեք, որ հնարավորության դեպքում ձեզ ուղեկցեն կամ դիմավորեն:
Խորհուրդ 5. Ուշ ժամերին ժամադրվեք միայն մարդաշատ և լուսավորված վայրերում:
Խորհուրդ 6. Երեկոյան ժամերին զբոսնելիս աշխատեք այնպիսի հագուստ կրել, որը չի սահմանափակի ձեր շարժումները և չի գայթակղի հնարավոր մոլագարներին:
Խորհուրդ 7. Երկար վարսեր ունեցողներին խորհուրդ է տրվում մազերը հավաքած պահել, քանի որ դրանք, ինչպես նաև` վզնոցները, կարող են հարձակման ժամանակ հանցագործի համար ‹‹գործիք›› հանդիսանալ:
Խորհուրդ 8. Աշխատեք ձեռքերը չծանրաբեռնել պայուսակներով:
Խորհուրդ 9. Հարձակման ժամանակ կնոջ համառ դիմադրությունը երբեմն ավելի է գրգռում դիմացինին: Առավել ցանկալի է հոգեբանական ‹‹հարձակումը››, քանի որ կնոջ համար դժվար է տղամարդու նկատմամբ համարժեք ֆիզիկական ուժ կիրառել:
Խորհուրդ 10. Ամեն գնով անհրաժեշտ է ժամանակ շահել, ասենք` առաջարկել ‹‹ագրեսորին›› մի տեղ նստել, մի բան խմել, քննարկել. այս մարտավարությունը կարող է ձեզ հնարավորություն ընձեռել` հարձակվելու մտադրություն ունեցողին մարդաշատ վայր տեղափոխելու:
Խորհուրդ 11. Առավել զգուշավորություն է պետք ցուցաբերել զինված հանցագործի հետ շփվելիս: Խուճապը, լացն ու բղավոցը կարող են հանցագործին դրդել դիմելու վտանգավոր միջոցների:
Միանգամայն ճիշտ է ոստիկանության այն դիտարկումը, որ երբեմն բռնության ենթարկված կանայք ամոթից կամ այլ պատճառով չեն դիմում իրավապահներին և այդպիսով հանցագործի համար ստեղծում են անպատժելիության պատրանք, որը նոր հանցանքների պատճառ է դառնում: Այնպես որ, հանուն ձեր և այլ կանանց հետագա անվտանգության, հաղթահարեք ամոթը ու դիմեք իրավապահներին` բռնության կամ նման փորձի ենթարկվելու դեպքում: