Բաժիններ՝

Ասեմ՝ չասեմ, կտուրը քցեմ. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. Էներգետիկայի ավելի քան մեկ տասնամյա նախարար Արմեն Մովսիսյանը մի քանի անգամ մասնակցել է Հայաստանի երբեմնի քիմիական հսկայի՝ «Նաիրիտ» գործարանի սեփականաշնորհման գործարքներին: Այն ժամանակահատվածներում, երբ «Նաիրիտը» վաճառված չի լինում, պատկանում է ՀՀ էներգետիկայի նախարարությանը: Այնպես որ, անցած 11 տարիներին նախարար աշխատած Ա. Մովսիսյանը ՀՀ այն պաշտոնյան է, ով քաջ գիտի այդ գործարքների ողջ ոդիսականը:

Նա գիտի գործարանի սեփականաշնորհումների ողջ պատմությունն ամենայն մանրամասնությամբ, գիտի գործարանի հնարավորությունները, գործարանի և դրա արտադրանքի միջազգային արժեքը: Գիտի, թե ինչու է «Նաիրիտն» այսօր այս վիճակում, ինչ պատճառներով է, որ միջազգային պահանջարկ վայելող կաուչուկ արտադրող ընկերության աշխատողները 11 ամիս աշխատավարձ չեն ստացել և ովքեր են այդ վիճակը ստեղծողներն ու պատասխանատուները: Ի վերջո, նա գիտի հանրությանն ու նաիրիտցիներին հուզող այն հարցի պատասխանը, թե ովքեր են կանգնած գործարանի գործարքների հետևում: Ա. Մովսիսյանը, սակայն, չի ցանկանում այդ մասին բարձրաձայնել: Նա տարիներ շարունակ գաղտնի է պահել «Նաիրիտի» շուրջ տեղի ունեցող գործարքներն ու չի ասել դրանց հետևում կանգնած մարդկանց անունները: Երեկ «Առաջին լրատվական»-ը փորձեց խոսել նրա հետ այդ հարցերի շուրջ, բայց ահա, թե ինչ ստացվեց մեր փորձից:

 – Պարոն Մովսիսյան, ի՞նչ ծրագրեր ունեք «Նաիրիտ» գործարանի հետ կապված:

– Կա մեկ մտադրություն՝ աշխատացնել: Բանակցություններ ենք վարում նրանց հետ, ովքեր ցանկություն են հայտնում ներդրում կատարել:

 – Ովքե՞ր են ցանկություն հայտնել:

– Այս պահին չասեմ, թե ովքեր են: Քանի դեռ բանակցությունների փուլ է, անուններ չտամ:

 – Տեղեկություններ կային, թե «Իտեռան» է ցանկանում գնել:

– Այո՛, «Իտեռան»՝ նույնպես:

 – Այլ ընկերություններ էլ կա՞ն:

– Կան, մոտ երեք ընկերություններ են, որոնց հետ այս պահին աշխատում ենք:

 – Ռուսակա՞ն, թե՞ այլ ընկերություններ են:

– Չասեմ:

– Նորից օֆշորայի՞ն գոտում են գրանցված այդ ընկերությունները:

– Չէ, չէ:

 – «Նաիրիտի» վերջին բաժնետեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերության հետ կնքած պայմանագրում պարտադիր կետ կար, որ եթե այդ ընկերությունը 5 տարվա ընթացքում չկատարի խոստացած 120 մլն դոլարի ներդրումը, ապա գործարանը ետ կվերցվի: «Ռայնովիլն» իր պարտավորությունները չի կատարել, ինչո՞ւ չեք վերցնում գործարանը, որ գրավ է մնացել ԱՊՀ Միջպետական բանկում:

– Ինչ-որ պայմանագրում գրված է, բոլորն էլ կատարվելու է: Գտնենք այն ընկերությանը, որը որ պետք է շարունակի աշխատանքը, ինչ որ գրված է, բոլորը կատարվելու է:

 – Այդ ընկերությունը «Նաիրիտում» ինչ-որ ներդրում կատարե՞լ է, և եթե կատարել է, ապա՝ որքա՞ն գումարի:

– Չեմ կարող ասել, բայց կատարել է:

 – Մոտավորապես ստանձնած պարտավորությունների որքա՞ն մասն է կատարել:

– Պարտավորություններն ամբողջությամբ չի կատարել, բայց ինչ-որ չափով կատարել է: Չեմ կարող ասել:

 – «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը հեռուստատեսությամբ հայտարարեց, թե ինչ-որ միջնորդ ընկերություն է ստեղծվել, որը գործարանից կաուչուկը գրեթե ինքնարժեքով գնել և բավականին բարձր գնով վաճառել է: Փաստորեն, «Նաիրիտի» արտադրած կաուչուկի շահույթը ոչ թե գործարանին, այլ այդ միջնորդ ընկերությա՞նն է մնացել:

– Հիմա չի աշխատում, ինչ վաճառի:

 – Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ «Նաիրիտի» գործարքների հետևում կանգնած է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով գործարանի աշխատելու ժամանակ ահռելի շահույթներ է ստացել: Որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նույնպես ցանկացել և ցանկանում է գնել «Նաիրիտը», և հիմա նա է կանգնած այդ բողոքի ակցիաների հետևում:

– Էնքան բան է գրված, ինչ ասեմ:

 – Պարոն Մովսիսյան,  ի վերջո ո՞վ է կանգնած «Նաիրիտի» հետևում, որ չի թողնում այդ գործարանն իրական ներդրող ունենա և աշխատի: Չէ՞ որ գործարանի արտադրած կաուչուկը մեծ պահանջարկ ունի աշխարհում:

– Եթե ձեզ թվում է, թե որևէ մեկը կարող է ունենալ «Նաիրիտ» ու չթողնել, որ աշխատի, նման բան հնարավոր չէ: Հակառակը` նա շահագրգռված կլինի, որ աշխատի, բայց աշխատացնելու համար բավականին պայմաններ պետք է ստեղծել: Հարցն այն է, թե այս պահին ինչքանով է հնարավոր այդ պայմանները ստեղծել: Բավականին մեծ ներդրումներ, բավականին մեծ շրջանառու միջոցներ են պահանջվում այսօրվա «Նաիրիտն» աշխատացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս