««Խոսրովի անտառ» արգելոցում որսագողությունն արվել է բարձր հովանու ներքո». Մարիամ Սուխուդյան

«Խոսրովի անտառ» արգելոցում որսագողություն կատարած իրական անձինք բացահայտված չեն. կասկածյալ Նորիկ Սարգսյանն այս դեպքի հետ կապ չունի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

«Նորիկ Սարգսյանը սկզբում ինքն իրեն մեղավոր է ճանաչել, դրանից հետո նա գործով ներգրավվել է որպես վկա. մի քանի օր առաջ իմանում ենք, որ Նորոյին կալանավորել են, ինքը Նուբարաշենում ա գտնվում: Բացի դա՝ իր կնոջը են որպես մեղադրյալ նեգրավվել գործում նույն մեղադրանքով: Նրանց հետ մենք հանդիպել ենք: Կինը սկզբում ուզում էր ասուլիս տալ, բայց նաև վախենում էր, որ էդ ասուլիսը կարող ա վնասի: Բնականաբար, ես հասկանում եմ, որ իրենք կփորձեն մի տեսակ խաղ խաղալ, ասել, որ եթե նա գնա, խոսի, մենք կճնշենք Նորիկին: Եթե մենակ ես ասում՝ մինչև վերջ ասում ես, որ ես չեմ արել, պայքարում ես, բայց երբ արդեն սկսում են սպառնալ քո միակ կնգան, պարզ ա, որ ինքն արդեն կսկսի… Չգիտեմ՝ հիմա՝ ինքը ինչե՞ր ա ստորագրել: Ամսի 4-ին ինքը ասուլիս պիտի տար: Հիմա հրաժարվում է: Այս ընթացքում աշխատել են իրանց վրա»,- ասաց Մարիամ Սուխուդյանը:

Հարցին՝ արդյոք ինքը գիտի՞՝ ովքեր են իրական որսագողերը, Մարիամ Սուխուդյանը պատասխանեց, որ իրեն անուններ պետք չեն.

«Ես կարող եմ հասկանալ, որ դա արվել է բարձր հովանու ներքո: Նրանց ատամներով պաշտպանում է ոստիկանությունը, որը չի ուզում բացահայտել իրական մեղավորներին, որովհետև տեսնում ենք, թե իրանք գործը ոնց են կոծկում. նույն «Կաքավաբերդի» տարածքի պատասխանատուն աշխատանքից չի հեռացվել: Էդ առումով մի հատ խեղճ գյուղացի են գտել, որը գուցե կյանքում ինչ-որ բան որսացել ա: Եթե նա նման բան արել ա, թող բռնեն, ուղղակի ես էս դեպքի հետ կապ չեմ տեսնում»:

Տեսանյութեր

Լրահոս