
Կառավարությունն ընդդեմ ՀՀԿ հեղինակության

ԱԺ կանոնակարգ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ հոդվածներով ասվում է, որ քառօրյա նիստերի երկրորդ օրը պատգամավորների հնչեցրած հայտարարությունները, և երրորդ օրը տեղի ունեցող Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը «հաջորդ օրն ամբողջությամբ ցուցադրվում է սույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված կարգով մրցույթում հաղթած հեռուստաընկերությամբ»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ դիմելով 2013թ. բյուջեի վերջնական տարբերակը ներկայացնող Ֆինասների նախարար Վաչե Գաբրիելյանին՝ ասաց, որ քաղաքական մեծամասնությունը ներկայացնող ՀՀԿ-ն հայտարարել է, որ ինքը քաղաքական կամք է դրսևորել և հաջորդ տարվանից օրենքի այս կետը կատարվելու է, սակայն այս տարվա բյուջեի նախագծում ևս այդ նպատակով համապատասխան միջոցներ նախատեսված չեն: Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ հայտարարությունների և հարցուպատասխանի «հիմնարար մասը» ցուցադրվում է:
Սակայն Շարմազանովը հակադարձեց, որ «հիմնարար» և օրենքում ամրագրված «ամբողջությամբ» բառերի միջև կա տարբերություն:
Իրականում Շարմազանովը պետք է հայտարարեր, որ կառավարությունը խախտում է օրենքը, ինչն անթույլատրելի է, և եթե Շարմազանովն իսկապես շահագրգռված է մեծամասնության քաղաքական հեղինակության պահպանմամբ, կարող էր հայտարարել, որ մինչև Կառավարությունը չկատարի օրենքի պահանջը և լրացնի այս բացը՝ իրենք կողմ չեն քվեարկի բյուջեի նախագծին: