ՀԱԿ-ը վերակողմնորոշվեց դեպի ՀՀԿ
Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ և ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները եկան սեպարատ համաձայնության, որոշելով
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ ներկայացրած որոշման նախագիծը քննարկել նախագահական ընտրություններից հետո:
Ինչո՞ւ սեպարատ, որովհետև ՀԱԿ-ը ԲՀԿ-ին խոստացել էր, որ եթե անգամ հանձնաժողովում այս նախաձեռնությունը բացասական եզրակացություն ստանա, միևնույն է` հանձնաժողովի ստեղծման հարցը պետք է մտնի լիագումար նիստի օրակարգ, և այդ հարցը պետք է քվեարկվի լիագումար նիստում:
Այդ նպատակով ԲՀԿ-ն մոբիլիզացրել էր իր բոլոր պատգամավորներին, որպեսզի նրանք մեկ մարդու նման մասնակցեն լիագումար նիստին և կողմ քվեարկեն ԱԺ հանձնաժողով ստեղծելու նախագծին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ պատմեց, որ ինքը զանգահարել է ԲՀԿ անդամ Տիգրան Ուրիխանյանին և նրան Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ինքնաթիռի «տրապի» վրայից է հետ վերադարձրել Հայաստան, մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր` Դավիթ Քոչարյանը, պետք է երիկամների վիրահատության ենթարկվեր, բայց նույնիսկ այս վիրահատությունն է հետաձգվել, և նա վերադարձել է Հայաստան, որպեսզի կողմ քվեարկի հանձնաժողովի ստեղծման նախագծին:
այց համընդհանուր մոբիլիզացիան անարդյունք եղավ, քանի որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը համաձայնեց հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Դավիթ Հարությունյանի առաջարկին` հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը հետաձգել նախագահական ընտրություններից հետո` Հարությունյանից երաշխիք ստանալով, որ այդ դեպքում ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը կողմ կքվեարկեն ՀԱԿ-ի ներկայացրած որոշման նախագծին:
Ի՞նչ տեղի ունեցավ խորհրդարանում: ԲՀԿ-ին, իհարկե, չէր հետաքրքրում խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը և, առավել ևս, Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը, բայց ԲՀԿ-ն որոշել էր ամբողջ խմբակցությունով (բնականաբար` բացառությամբ Գագիկ Ծառուկյանի) կողմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը:
ԲՀԿ-ն այսպիսով, թերևս, ցանկանում էր նախագահական ընտրություններից առաջ մաքրվել Մարտի 1-ի պատասխանատվությունից, իսկ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը կողմ քվեարկելը հարմար հնարավորություն էր դրա համար: Եթե ԲՀԿ-ն կողմ քվեարկեր, իսկ ՀՀԿ-ն` դեմ, ապա կստացվեր, որ Մարտի 1-ի պատասխանատուն հենց ՀՀԿ-ն է, որը խոչընդոտում է այդ դեպքերի բաց և հրապարակային քննարկմանը, իսկ ԲՀԿ-ն, ընդհակառակը, վախենալու կամ կաշկանդվելու ոչինչ չունի, քանի որ իր ամբողջ կազմով կողմ է քվեարկել այդ նախաձեռնությանը:
Սակայն Գագիկ Ջհանգիրյանն իր քայլով ուղղակի վիժեցրեց ԲՀԿ-ի այդ ցանկությունը, ընդհակառակը` հնարավորություն տալով ՀՀԿ-ին պնդել, որ իրենք կողմ են Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմանը, ուղղակի չեն ցանկանում, որ այդ հարցը նախընտրական շահարկումների առարկա դառնա:
Ինչո՞ւ ԲՀԿ ռազմավարական գործընկեր համարվող ՀԱԿ-ը, ով ԲՀԿ-ի հետ քաղաքական խորը կոնսուլտացիաների մեջ էր և ծրագրային ընդհանրություններ էր գտել կառավարման համակարգի ու Ընտրական օրենսգրքի տարբեր փոփոխությունների շուրջ, որոշեց, ինչպես կոնգրեսականներն են վերջերս արտահայտվում, «քցել» ԲՀԿ-ին և անցնել ՀՀԿ-ի կողմը, որի հետ ծրագրային ընդհանրություններ դեռևս գտնված չեն:
Տեսակետ կա, որ սա ընդամենը ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի անձնական նախաձեռնությունն է, և ոչ թե այդ` կառույցի ընդհանրական տեսակետը, ու այդպիսով Ջհանգիրյանը վատ վիճակի մեջ դրեց ոչ միայն ԲՀԿ-ին, այլ նաև ՀԱԿ-ին: Այսինքն` ԲՀԿ-ին «քցել» է ոչ թե ՀԱԿ-ը, այլ Գագիկ Ջհանգիրյանը: Դրան հավատում է նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով հրապարակավ հույս է հայտնում, որ ՀԱԿ-ում բոլորը չէ, որ կիսում են Գագիկ Ջհանգիրյանի լուսավոր լավատեսությունը: Իրականում Զոհրաբյանը չի ուզում վերջնականապես խզել կապերը ՀԱԿ-ի հետ, հույս ունենալով, որ այդ կառույցը նախագահական ընտրությունների ժամանակ կարող է անցնել իրենց կողմը:
Այն, որ Լևոն Զուրաբյանը տեղյակ էր «ՀԱԿ-ՀՀԿ բարեկամություն» գործարքից, կասկածից վեր է. նախորդ չորեքշաբթի օրը, երբ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում էր հանձնաժողով ստեղծելու հարցը, Լ. Զուրաբյանը նստած էր Ջհանգիրյանի կողքին, իսկ երեկ, երբ հանձնաժողովը որոշում պետք է կայացներ` ՀԱԿ համակարգողը բացակայում էր, հնարավորություն տալով, որ Ջհանգիրյանը զբաղվի «ինքնագործունեությամբ»:
Բայց նույնիսկ դրանից հետո նա չդատապարտեց կայացած գործարքը, այլ ընդհակառակը` այն համարեց իրենց մեծ հաղթանակը: Այսքանից հետո կարելի է չկասկածել, որ գործարքի համաձայնությունը տվել է անձամբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Գ.Ջհանգիրյանը և Լևոն Զուրաբյանն ընդամենը իրագործել են այն: Թերևս իմաստ ունի քննարկել այն հարցը, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը որոշեց այդքան կտրուկ փոխել իր դիրքորոշումը:
Ամենահավանական բացատրությունն այն է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով սպասում էր, թե ԲՀԿ-ն պետք է պաշտպանի իր թեկնածությունը, վերջապես հասկացավ, որ դա անիրական է, և ԲՀԿ-ն առաջադրելու է սեփական թեկնածուին: Այդ պարագայում ԲՀԿ-ՀԱԿ բարեկամության շարունակականությունից կբխեր, որ ՀԱԿ-ը պետք է պաշտպանի ԲՀԿ թեկնածուին: Բայց Տեր-Պետրոսյանը, ով իր թիմին վերջին ամիսներին համոզում էր, թե Մոսկվան վերջին պահին ստիպելու է Ծառուկյանին նման որոշում կայացնել, այժմ հայտնվել է անելանելի վիճակում, և հնարավոր է` որոշել է վրեժ լուծել Ծառուկյանից ու ԲՀԿ-ից:
Հնարավոր է նաև, որ ՀԱԿ-ում հաշվել են, որ, եթե իրենք պետք է հանդես չգան սեփական թեկնածուով և բավարարվեն կցորդի կարգավիճակով, ապա ավելի շահավետ և արժանապատիվ է լինել ՀՀԿ, քան ԲՀԿ կցորդը: Այս հարցում հատուկ կարծիք կարող է ունենալ միայն Լևոն Զուրաբյանը, բայց նա էլ` տեսնելով, որ հայտնվել է բացարձակ միայնության մեջ, որոշել է առանձնապես աչքի չընկնել: