Եվրոպացիների այցը կապ չունի՞ նախագահական ընտրությունների հետ
ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների` Երևանում կայացած գագաթնաժողովը «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` կապված չէ Հայաստանում փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
«Եթե նրանք գային հունվարի երկրորդ կեսին, միանշանակ կասեի, որ այցը կապված է նախագահական ընտրությունների հետ: Բայց նման այցերը ծրագրվում են, պլանավորվում են նախօրոք: Սա մեկ տարի առաջ պլանավորված այց է ու նախագահական ընտրությունների հետ ոչ մի կապ չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Անդրադառնալով այն տեսակետին, թե ԵԺԿ գագաթնաժողովը և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան նախընտրական PR է նախագահ Սերժ Սարգսյանի օգտին, Ահարոն Ադիբեկյանը նկատեց. «Եթե նախագահական թիմն այս այցն օգտագործել է որպես PR շոու, դա իրենց տաղանդի կամ խորամանկության շնորհիվ է: Եթե անգամ ցանկացել են այս այցից օգտվել կամ PR ակցիա իրականացնել, բոլոր դեպքերում, երբ հասարակության մեծ մասը ռուսամետ են, եվրոպական քայլերը դժվար է PR համարել:
Հակառակը՝ կարծում եմ՝ ընդունելությունը շատ համեստ ծրագրված է եղել, իրենք էլ լավ հասկանում են, որ մեզ մոտ ընտություններ են լինելու ու աշխատում են նվազագույնս միջամտել: Եվ հետո Հայաստանը պայմանագրի ստորագրման շեմին է և ավելի մոտ է կանգնած դրան, քան տարածաշրջանային մյուս պետությունները: Սա ավելի շուտ եվրոպական ձգտում էր գալ Հայաստան, քան հայկական ձգտում՝ ընդունել եվրոպացիներին»:
Ըստ սոցիոլոգի, եթե Հայաստանը, որը տարածաշրջանում ամենառուսամետն պետությունն է համարվում, ստորագրի Արևելյան գործընկերության ծրագրով նախատեսված փաստաթղթերը, այդ թվում` Ասոցացման համաձայնագիրը, կնշանակի, որ մյուս պետությունները ևս կհետևեն մեր օրինակին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն իր ելույթի ընթացքում կարևորեց քաղաքացիական հասարակության վճռկանությունը Հայաստան-Եվրամիություն երկկողմանի հարաբերություններում: Մեր հարցին` արդյոք Հայաստանի հասարակությունը պատրա՞ստ է, ցանկանո՞ւմ է իրականում որդեգրել եվրոպական արժեքներ, Ա. Ադիբեկյանը պատասխանեց. «Այնտեղ հավաքված էր այնպիսի սեկտոր, որ ճնշումներ գործադրեն կառավարության վրա, որ քաղաքականությունը տարվի դեպի եվրոպամետ արժեքները: Նա հասկանում է, որ բացի քաղաքական էլիտայից, մեզանում կարևորվում է քաղաքացիական ինստիտուտը»: