Ազատության հրապարակից` «Կանյաչնի»

2013 թվականի նախագահական ընտրությունները նախորդ` 2008 թվականի ընտրություններից տարբերվելու են մի շարք գործոններով: Դրանցից ամենակարևորն արտահայտվում է արդեն այսօր` ընտրություններից 2-3 ամիս առաջ: Խոսքը նախընտրական և ընտրական գործընթացներում «փողոցի բացակայության» մասին է`արտահայտության ուղղակի և անուղղակի իմաստներով:

2008 թվականի նախագահական ընտրությունների շարժիչ ուժը փողոցն էր, հանրահավաքային ալիքը, որ մեկնարկեց 2007 թվականի հոկտեմբերից` երբ Ազատության հրապարակում տեղի ունեցավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ առաջին հանրահավաքը: Դրանից հետո հանրահավաքները դարձան քաղաքական կյանքի իրադարձությունների ծավալման ամենակարևոր և վճռական հարթակը:

Այդ ժամանակաշրջանում քաղաքական օրակարգը ձևավորվում էր հենց Ազատության հրապարակում` ընդդիմության` իրականում հասարակության թելադրանքով: Այդ ժամանակաշրջանում իշխանությունը ոչ թե սահմանում էր խաղի կանոնները, այլ ստիպված էր արձագանքել Ազատության հրապարակում ձևավորված օրակարգին ու կանոններին:

Այդ ժամանակահատվածում քաղաքական կյանքն ուղղորդում էին ոչ թե իշխանական քաղտեխնոլոգները, այլ հանրային կյանքում կուտակված ու պայթած լիցքը, հզոր էներգետիկան ու սպասումը, որը կրկին կապված էր հանրահավաքների հետ: Այն ժամանակահատվածում հասարակությունն ու քաղաքական ուժերը սպասում էին մեկ մարդու խոսքին, և այդ մեկ մարդը Լևոն Տեր-Պետրոսյանն էր…

Հետագայում այդ և հետընտրական հանրահավաքները Դատախազությունն ու իշխանական քարոզչությունը որակեց՝ որպես հոգեխանգարմունքի, նեյրոլինգվիստիկ ազդեցության արդյունք, ինչին հասարակության իրականում առողջ հատվածը վերաբերվում էր քմծիծաղով կամ քամահրանքով` համարելով, որ նման ազդեցությամբ են գործում հարյուր-հազարավոր քաղաքացիների համախմբումից սարսափած իշխանության սպասարկուները:

Այսօր, սակայն, պարզվում է, որ հանրահավաքային այդ ալիքը, փողոցային պայքարը երևակայական էր, մտացածին ու անիմաստ: Ու ամենազզվելին այն է, որ այդ մասին այսօր խոսում է ոչ թե իշխանական քարոզչությունը, այլ… Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարում է, որ ՀԱԿ-ի կողմից հանրահավաքների դադարը միմիայն հուշում է նոր իրական քաղաքական գործընթացի մասին:

«Դա ոչ մի նշանակություն չունի (հանրահավաքների դադարը.- խմբ.): Ճիշտ հաշվարկված դադարները լուրջ էլեմենտ են իրական քաղաքական գործընթացի կառուցման գործում»,- անցած շաբաթ կայացած ասուլիսում հայտարարել է Լևոն Զուրաբյանը: Այսինքն` ստացվում է, որ 2007-2008 թվականների համաժողովրդական շարժումը, այդ շարժումը ծնած հանրահավաքները եղել են ոչ իրական գործընթացներ, ոչ իրական գործընթացների արդյունքում է տասը մարդ զոհվել, մոտ երկու հարյուրը` դարձել քաղբանտարկյալ, ոչ իրական գործընթացի արդյունքում են խեղվել հարյուրավոր ճակատագրեր:

Լևոն Զուրաբյանի կողմից նման` առաջին հայացքից անհեթեթ հայտարարությունն իրականում միանգամայն օրինաչափ է: 2007 թվականի հանրահավաքային շարժմանն ու հետընտրական տասնօրյա հանրահավաքներին նա գրեթե մասնակցություն չի ունեցել, եթե անգամ դերակատարում է ունեցել` ապա երկրորդական, երրորդական… գրասենյակային դերակատարում:

Փողոցում Լևոն Զուրաբյանի հիմնական ֆունկցիան սկսվել է 2008 թվականի մարտի 1-ի կեսօրին` Մյասնիկյանի արձանի մոտ, երբ նա ամեն կերպ կանխեց Քաղաքապետարանին հարող տարածքից հանրահավաքը այլ վայր` Մատենադարան տեղափոխելու փորձերը… Թե ինչ եղավ դրանից հետո, բոլորին է հայտնի: Տասը մարդ զոհվեց, համաժողովրդական շարժման առաջնորդների` հանրահավաքային առաջնորդների զգալի մասը ձերբակալվեց, իսկ ոստիկանական բաժանմունքներում նույնիսկ մի քանի ժամ չպահված Լևոն Զուրաբյանը սկսեց ակտիվ գործունեությունն արտակարգ դրության պայմաններում: Հետագայում նա դարձավ նաև իշխանության հետ երկխոսության համակարգողը` կապավորը, մինչ քաղաքագիտական վերլուծության ժամանակները:

Հիմա Լևոն Զուրաբյանը նույն ջանասիրությամբ կատարում է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության կապավորի դերը: Ու զբաղվում է «իրական քաղաքական գործընթացներով», որտեղ զրոյի է հասցված ոչ միայն հասարակության, այլ անգամ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար անդամների մեծամասնության դերը:

Այս «իրական քաղաքական գործընթացի» հետևանքներից մեկն էլ այն է, որ, ի տարբերություն 2007 թվականի, երբ հասարակությունը, քաղաքական դաշտը սպասում էր Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքին ու որոշումներին, հիմա սպասումը Գագիկ Ծառուկյանից է, ում որոշմանն է սպասում նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Վերջինիս հետևողական ջանքերի շնորհիվ քաղաքական գործընթացներում փողոցին, այսինքն` հասարակությանը, փոխարինելու եկավ «Կանյաչնին», որտեղ ժամանակ առ ժամանակ հավաքներ է անցկացնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նախընտրական գործընթացներում հանրահավաքների բացակայությունը մեծ ծառայություն է նաև գործող իշխանությանը, որի դեմ պայքարում է ՀԱԿ-ը: Միջազգային հանրությունը, ի թիվս այլ գործոնների, երկրում ժողովրդավարության վիճակը գնահատում է՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքանով է հասարակությունն իր կարծիքն արտահայտում հանրահավաքների, բողոքի ակցիաների միջոցով:

Դրանց բացակայությունը միջազգային հանրության, եվրոպական և այլ կառույցների կողմից ընկալվում է որպես ժողովրդավարության իրական արտահայտման ցուցանիշ: Քանի որ հանրահավաքներ չեն լինում ոչ թե այն պատճառով, որ իշխանությունն է դրանք արգելում, այլ՝ որովհետև իրեն ամենաարմատական հռչակած ուժը պարզապես հրաժարվել է պայքարի հանրահավաքային եղանակից` վերցնելով իշխանության կողմից շնորհված 7 պատգամավորական մանդատները: Հիմա իրական քաղաքականության ժամանակներ են:

Տեսանյութեր

Լրահոս