Հայաստանն ընտրեց Եվրամիությունը

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանի նպատակն է՝ մինչև 2013թ. Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովն՝ ավարտին հասցնել Ասոցիացման վերաբերյալ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները`ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները:

Երեկ գրեթե նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ելույթ ունենալով «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում անցկացվող  Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների երևանյան գագաթաժողովում: Եթե Սահակաշվիլիի դեպքում ամեն ինչ պարզ և հասկանալի է, ապա նախագահ Սարգսյանի այսօրվա հայտարարությունը մի փոքր անակնկալ էր, քանի որ փոխլրացման քաղաքականությունը կարծես թե իր տեղն է զիջում հստակ կողմնորոշմանը:

Սերժ Սարգսյանը, փաստորեն, անուղղակիորեն հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում դառնալ Ռուսաստանի կողմիք ձևավորվելիք  Եվրասիական միության անդամ, չի պատրաստվում միանալ Ռուսաստանի կողմից ստեղծված Մաքսային միությանը, որն այդ միության անդամների համար ստեղծում է միասնական տնտեսական տարածք, այլ պատրաստվում է դառնալ Եվրամիության ասոցիացված անդամ:

Մի քանի օր առաջ Երևանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի անդամ Նիկոլայ Ռիժկովը բացատրում էր, որ Հայաստանին որևէ մեկը Եվրամիությունում չի սպասում, որ Եվրասիական միությունում բոլորը «մերոնքական» են, և Հայաստանի տեղը յուրայինների հետ է, և ոչ թե՝ օտարների:

Այսօր էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարեց, որ Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի ճակատագրով, և դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պատրաստակամություն հայտնեց աշխատել ՀՀ քաղաքացիների շահերից բխող բոլոր գործողություններն իրականացնելու համար: «Կարող եք մեզ վրա հույս դնել»,- եզրափակեց Բարոզուն:

Ըստ էության, ԵՄ-ն նախագահ Սարգսյանի առաջ մի պայման է դնում` եվրաինտեգրման գործընթացը շարունակելու և խորացնելու համար. անթերի ընտրություններ` թափանցիկության և ազատության տեսանկյունից: Նախագահ Սերժ Սարգսյանն այս առիթով արդեն հայտարարել էր. «Ես հավաստիացրեցի պարոն Բարոզուին, որ մենք հանձնառու ենք 2013թ. փետրվարին անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նախագահական ընտրություններ»:

Արդյո՞ք Հայաստանի նախագահին կհաջողվի իրականացնել իր հանձնառությունը: Սա ինչ-որ չափով կախված է Ռուսաստանի դիրքորոշումից: Ենթադրվում է, որ Ռուսաստանը Հայաստանի եվրաինտեգրացիան խոչընդոտելու համար այլ ճանապարհ, քան ընտրությունները հարամելն է, չունի: Այնպես որ, կարելի է չկասկածել, որ նախագահական ընտրություններում Ռուսաստանը կփորձի աջակցել այնպիսի թեկնածուի, որը հնարավորություն կունենա այնպես անել, որ  ընտրություններն ամենևին էլ անթերի չլինեն:

Այդ ընտրություններից է կախված նաև, թե ինչպիսի  ֆինանսական օժանդակություն կցուցաբերի Եվրամիությունը Հայաստանին: «Շնորհակալություն հայտնեցի նախագահ Բարոզուին Հայաստանի բարեփոխումների ծրագրին աջակցության և «Ավելին՝ ավելիի համար» տրամաբանությամբ այդ աջակցությունն ավելացնելու պատրաստակամության համար: Քննարկեցինք հաջորդ տարի նախատեսված Դոնորների համաժողովի նախապատրաստման ընթացքը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Դոնորների համաժողովը նախատեսված էր անցկացնել այս տարի, սակայն Հայաստանի խորհրդարանական ընտրություններն այնքան էլ լավ տպավորություն չթողեցին եվրոպացի պաշտոնյաների վրա, և նրանք որոշեցին այդ միջոցառումը հետաձգել նախագահական ընտրություններից հետո: Ենթադրվում էր, որ այդ համաժողովի ժամանակ կարող է հանգանակվել մի քանի հարյուր միլիոն եվրոյի օգնություն, որը կօգտագործվեր Հայաստանի տնտեսական խնդիրները լուծելու համար:

Երեկ գրել էինք, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրամիության և Եվրասիական միության միջև: Այսօր նախագահ Սարգսյանը, ըստ էության,  հայտարարեց, որ այդ ընտրությունը կատարվել է՝ հօգուտ Եվրամիության: Մնում է սպասել, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կկարողանան մարսել այդ ընտրությունը:

Տեսանյութեր

Լրահոս