
Արամ Կարապետյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին. «Կասկած չունեմ, որ այն մարդիկ, որոնք ցմահ նստած են, միայնակ չեն եղել»

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե հոկտեմբերի 27-ի հետ կապված նորություններ ունի, որոնք, սակայն, նա խոստացել էր հրապարակել ավելի ուշ:
Երեկ 168.am-ն Արամ Կարապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք չի՞ եկել դրանց հրապարակման ժամանակը, ինչին ի պատասխան նա ասաց.
«Դեռ դրա ժամանակը չէ: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Կարծում եմ, որ նախ քաղաքական իրավիճակ պետք է փոխվի և մենք պետք է իրավամբ սկսենք հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել: Բայց ես մնում եմ իմ կարծիքին, որ Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի անպայման: Ես չեմ համարում, որ այս խնդիրը միայն ներհայկական է եղել: Կասկած չունեմ, որ այն մարդիկ, որոնք ցմահ նստած են, միայնակ չեն եղել: Ինձ համար հստակ է, որ Հոկտեմբերի 27-ը, վերջիվերջո, կբացահայտվի»:
Մեր հարցին, թե արդյոք իր կողմից ձեռքբերած նորությունները կնպաստե՞ն բացահայտմանը, և ե՞րբ կգա դրանք հարապարկելու ժամանակը, Արամ Կարապետյանը պատասխանեց, որ քանի որ դրանք փաստացի տվյալներ չեն՝ կհրապարակվեն, երբ դառնան իրողություն:
«Հույս ունեմ, որ այն մարդիկ, ովքեր շատ լավ գիտեն խնդրի փաստացի կողմը, մի օր կդադարեն վախենալուց ու կխոսեն: Հետո փաստերին կգումարվեն նաև մեր ինֆորմացիաները ու կունենաք մի շատ հետաքրքիր իրավիճակ: Բայց սա կլինի այն պահից սկսած, երբ Հայաստանի ներսում այս գործընթացին տիրապետող մարդիկ կսկսեն խոսել: Իսկ դրանք միայն իշխանության մեջ առկա մարդիկ չեն. կան մարդիկ, որոնք իշխանությունից դուրս են ու ունեն այդ ինֆորմացիայից մի հատված: Իսկ թե ինչո՞ւ նրանք չեն խոսում՝ ես չգիտեմ»: