Պուտինը գալո՞ւ է շնորհավորելու ՀՀ նոր նախագահին

Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովն այսօր հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, Հայաստան կայցելի 2013 թվականի սկզբին: Նա ասել է, որ Պուտինի այցելության կոնկրետ ամսաթիվը դեռևս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսին Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ Պուտինին հրավիրել էր Հայաստան` նրա համար ցանկացած հարմար ժամանակ: Դրանից հետո քննարկվում էր, որ Պուտինը Հայաստան կայցելի սեպտեմբերին` ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «փոխգործակցություն-2012» զորավարժություններին մասնակցելու համար, սակայն այցն այդպես էլ չկայացավ: Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը` նշելով, որ Պուտինը Երևան կայցելի սեպտեմբերի 7-ին: Դա ևս տեղի չունեցավ:

Անցած երկու ամիսներին մամուլում ու քաղաքական շրջանակներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Պուտինի` Հայաստան կատարելիք հնարավոր այցի մասին, սակայն դա այդպես էլ իրականություն չի դառնում: Այն դեպքում, երբ Պուտինի այցին Հայաստանում սպասում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը` և իշխանությունը, և ընդդիմությունը, և այլընտրանքային ԲՀԿ-ն:

Այսինքն` չնայած Պուտինին Հայաստան է հրավիրել գործող նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն իրականում նա ՌԴ նախագահին է փոխանցել նաև նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկությունները, քանի որ բոլորն էլ առաջիկա նախագահական ընտրություններում իրենց որոշումներն ու հնարավոր գործողությունները պայմանավորում են Ռուսաստանի ու անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի ցանկությամբ:

Սակայն վերջինս համառորեն չի ցանկանում իր ներկայությամբ պատվել Հայաստանի քաղաքական ուժերին ու գործիչներին` նրանց թողնելով սպանիչ անորոշության մեջ: Ռիժկովի այսօրվա հայտարարությունը նշանակում է, որ Ռուսաստանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումը Հայաստանի նախագահական ընտրություններում թեկնածուների վերաբերյալ:

Ու դրանով է, թերևս, պայմանավորված այն անորոշությունը, որն այսօր առկա է Հայաստանի քաղաքական դաշտում: Ընտրություններին շատ կարճ ժամանակ է մնացել, բացի ՀՀԿ-ից, սակայն, որևէ քաղաքական ուժ չի հստակեցրել իր մասնակցության հարցը ընտրություններում: Սերժ Սարգսյանն էլ այդ մասին հայտարարել է, քանի որ, որպես գործող նախագահ՝ չէր կարող այդպես չվարվել:

Ռիժկովի հայտարարությունը որոշակի ինտրիգ է պարունակում այն առումով, որ նա ասել է` Պուտինի այցը նախատեսվում է 2013 թվականին` չմասնավորեցնելով ժամկետը: Դա նշանակում է, որ Պուտինը կարող է Հայաստան այցելել ինչպես՝ նախագահական ընտրություններից առաջ, ասենք՝ հունվարի կեսին, այնպես էլ՝ ընտրություններից հետո:

Եթե հիմա ռուսական կողմն ինչ-ինչ պարտավորությունների դիմաց աջակցություն է խոստանում հնարավոր թեկնածուներից որևէ մեկին, ապա Պուտինը կարող է Հայաստան գալ` հավաստելու, որ այդ աջակցությունը կտրամադրվի: Իսկ եթե այդ հարցն արդեն իսկ լուծվել է, և հիմա ընդամենը Հայաստանի քաղաքական ուժերը ժամանակ են ձգում, ապա Պուտինը Հայաստան կայցելի արդեն ընտրություններից հետո` գուցե նոր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով:

Մեղմ ասած, ցավալի է, որ Հայաստանի նախագահական ընտրություններից առաջ որևէ այլ երկրի նախագահի, այդ թվում՝ Պուտինի այցելության հարցը քննարկվում է այս համատեքստում: Բայց դրա հիմքերը ստեղծել են մեր, գրեթե առանց բացառության, բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները` ռուսահպատակության իրենց անբուժելի կամ անհաղթահարելի մոլուցքով կամ անկարողությամբ:

Տեսանյութեր

Լրահոս