Մալիշկա գյուղում «ԲՄՎ»-ի վարորդը բախվել է գազատարին. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
Այսօր` նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:30 սահմաներում, Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 21-ամյա Ռաֆիկ Մովսիսյանը, վարելով «ԲՄՎ 520» մակնիշի 20 ՕՍ 784 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Մովսիսյանին և ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արթուր Գիվարգիզյանին, գյուղացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը` Ռ. Մովսիսյանը, հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի և գազի ծառայության հերթապահ խմբերը: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Սամվել Սարգսյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հատուկ պահպանման տարածք:
shamshyan.com