Երևանը` եռաչափ պատկերմամբ և մշակութային անցուդարձով
Հյուսիսային պողոտայում տեղադրվել է ինտերակտիվ էկրան, որը հնարավորություն է տալիս տեսնել Երևանը եռաչափ (3D) պատկերված և տեղեկանալ մայրաքաղաքի մշակութային անցուդարձին:
Մշակութային առօրյային ծանոթանալու համար բավական է կանգնել էկրանի առջև ու ձեռքը շարժել համապատասխան մշակութային կենտրոնի ուղղությամբ: Սարքը հասկանում է ձեռքի շարժումը և բացում տվյալ կենտրոնի օրվա իրադարձությունները:
‹‹Երևան 3D›› նախագծի հեղինակն է Լոկատոր ընկերությունը, իսկ նախագծում մշակութային առօրյայի մասին տեղեկատվական համակարգ ներդնելու նախաձեռնությունը պատկանում է Երևանի քաղաքապետարանին:
Նախատեսվում է համակարգում ներդնել անգլերեն և ռուսերերն տարբերակները, ինչպես նաև ավելացնել Երևանի վերաբերյալ այլ հետաքրքիր տեղեկություններ, որոնք կհետաքրքրեն ոչ միայն հայերին, այլև զբողաշրջիկներին:
Հիշեցնենք, որ ‹‹Երևան 3D›› նախագիծը հանրությանն է ներկայացվել այս տարվա օգոստոսին: Նախագծի հիմնական նպատակն է Հայաստանի քաղաքների և նրա հարակից շրջանների եռաչափ մոդելավորումը Google Earth համակարգում:
«Յուրաքանչյուր զբոսաշրջիկ կամ արտասահմանյան ընկերություն որևէ երկիր այցելելուց կամ ներդրում կատարելուց առաջ անպայման Google Earth ծրագրի եռաչափ տարբերակով ուսումնասիրում է երկիրը: Այս նախագիծն ուղղված է ազգային PR-ին և կարող է Հայաստան բերել բազմաթիվ ընկերությունների և զարգացնել զբոսաշրջությունը»,- նշում է նախագծի ղեկավար Վլադիմիր Սոֆյանը:
Այս պահին Google Earth է վերբեռնված է Երևանի 1500 շենք:
Մոտ 3 ամսից ամբողջապես պատրաստ կլինի Երևանի եռաչափ մոդելը: Մայրաքաղաքի եռաչափ մոդելավորումից հետո կիրականացվի նաև Գյումրիի և Վանաձորի եռաչափ պատկերումը: