Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Թուրքմենստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ

Հարգելի՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով,
Պատվիրակության հարգելի՛ անդամներ,
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Հենց նոր ավարտվեց Թուրքմենստանի նախագահի հետ մեր հանդիպումը, և ես ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել կայացած բանակցությունների արդյունքների կապակցությամբ: Շատ որոշակի, դրական և առարկայական զրույց կայացավ, որի ընթացքում մենք քննարկեցինք բազմաթիվ տարբեր հարցեր, դիտարկեցինք մեր համագործակցության հեռանկարները: Իհարկե, զգալի ժամանակ հատկացրինք առևտրատնտեսական և հումանիտար հարաբերություններին, մեր երկրներում առկա ներդրումային մթնոլորտին:

Խոսեցինք այն մասին, թե ինչպես են զարգանում մեր հարաբերությունները, ինչպիսին է եղել դրանց դինամիկան 2010թ. Աշգաբատում կայացած մեր հանդիպման պահից ի վեր:

Դրանով հանդերձ, մենք ընդգծեցինք, որ հայ-թուրքմենական հարաբերություններն ունեն շատ ավելի մեծ ներուժ, որի իրացումը, անկասկած, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների բարեկամության շահերին:

Ուստի, մենք վստահ ենք, որ երկկողմ ապրանքաշրջանառությունը, որը մենք արձանագրում ենք ոչ այն մակարդակում, որում կցանկանայինք, կարելի է մեծացնել համատեղ ջանքերով: Եվ այդ ուղղությամբ ծանրակշիռ դեր ենք հատկացնում տնտեսական համագործակցության հարցերով հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովին: Հուսով ենք, որ մեկուկես ամիս առաջ Երևանում կայացած չորրորդ նիստը նոր ազդակ կհաղորդի մեր երկրների միջև համագործակցությանը:

Այսօրվա բանակցությունների արդյունքներով ձեր ներկայությամբ ստորագրվեցին մի շարք կարևոր համաձայնագրեր և համատեղ հայտարարություն, որում արտացոլված է փոխշահավետ տնտեսական գործընկերությունն ամրապնդելու մեր փոխադարձ ձգտումը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, թեթև և քիմիական արդյունաբերության ոլորտներում:

Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք առևտրային հարաբերությունների, արդյունաբերական և ներդրումային համագործակցության տարբեր ձևերի զարգացման գործում բարենպաստ պայմանների ստեղծման, ինչպես նաև մեր երկրների գործարար սուբյեկտների միջև անմիջական կապերի հաստատման անհրաժեշտության շուրջ:

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն առաջարկեց, և մենք հաճույքով համաձայնեցինք մյուս տարի Թուրքմենստանում անցկացնել մեծ գործարար համաժողով, և ես կարծում եմ, որ նման համաժողովի անցկացումը անպայման լավ ազդակ կհաղորդի մեր հարաբերություններին:

Մենք նաև պատշաճ ուշադրության արժանացրինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերին, քանի որ դրանց շուրջ համակարգումը կարևոր է մեր պետությունների միջև լիարժեք հարաբերությունների համար:

Կայացած քննարկումների արդյունքներով մենք հաստատեցինք Հայաստանի և Թուրքմենստանի ձգտումը՝ հետագայում ևս նպաստելու խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը: Դրան է նպատակաուղղված մեր փոխգործակցությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում:

Տարածաշրջանային հարցերի քննարկման ժամանակ մենք մտահոգություն հայտնեցինք Հարավային Կովկասում լարվածության աճի կապակցությամբ: Զրույցի ընթացքում ես ևս մեկ անգամ ընդգծեցի մեր սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում. հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Միայն այդ մոտեցումն է, որը բացառելով մի սկզբունքին նախապատվություն տալու փորձը՝ ի վնաս մյուսների, ապահովում է երկարատև լուծման հասնելու հնարավորությունը:

Այսօր ստորագրված փաստաթղթերի շարքում ցանկանում եմ առանձնացնել օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Ենթադրում ենք, որ այդպիսի փաստաթուղթը նվազագույնը նոր հեռանկարներ կբացի և՛ գործնական կապերի զարգացման, և՛ մեր քաղաքացիների սովորական շփման, զբոսաշրջության զարգացման և ուսանողների փոխանակումների համար: Հիմք ենք ընդունում այն, որ կրթության ոլորտում շփումներն անպայման կշարունակվեն, քանի որ այն ապագայի պաշար է: Ես վստահ եմ, որ այդ դիրքորոշումը կիսում են նաև մեր թուրքմեն բարեկամները:

Ամփոփելով այսօրվա բանակցությունները՝ իհարկե դրանց առաջին մասը, կցանկանայի գոհունակությամբ ընդգծել հետևյալը՝ ևս մեկ անգամ հաստատվեց հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա ամրապնդման փոխադարձ ձգտումը, ինչպես նաև դրանք նոր բարձր մակարդակի հասցնելն ապահովելու ձգտումը:

 ՀՀ նախագահի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս