Մեկ հեկտարը՝ 1 դրամով. Սամվել Բալասանյանը Գյումրիի հողատարածքներն օտարում է
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Բալասանյանը դեսպանին ներկայացրել է, որ ինքը մեծ ջանքեր է գործադրում Գյումրին վերակառուցելու և ոտքի հանելու համար և պատրաստ է անգամ հող օտարել Գյումրիում՝ ցանկացած վայրում՝ մեկ հեկտարը՝ մեկ դրամով: Այս մասին տեղեկացնում է galatv.am-ը:
«Աշխատելով ԱԺ-ում 13 տարի, երեք անգամ ընտրվելով մեծամասնական ընտրակարգով պատգամավոր, և նաև ասեմ, որ փորձ ունենալով տնտեսական համակարգի հետ կապված, ինձ տրվեց վստահություն, որ Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետ լինեմ, վստահության քվե ունեցա և շատ մեծ պատասխանատվություն եմ կրում այսօր Գյումրի քաղաքի և գյումրեցիների առջև: Ես որ օրենսդիր դաշտում էի, ինձ համար հասկանալի էր մի բան, որ անպայման պետք է կարողանանք Գյումրին վերականգնել, դրա համար անհրաժեշտ է ստեղծել աշխատատեղեր:
Ինչո՞ւ չէ, ֆրանսիական կապիտալը կարող է մեծ ներդրումներ ունենալ բիզնեսի մասով, որովհետև մենք տալիս ենք հողի հարկի, գույքահարկի արտոնություն, որովհետև մեզ պետք է աշխատատեղեր ստեղծել մեր քաղաքում: Էստեղ մենք քաղաքապետարանով, ավագանիով որոշում կկայացնենք և սիմվոլիկ մեկ դրամով մեկ հեկտարը հող կտանք աշխատատեղեր ստեղծելու համար»:
Ըստ Ս. Բալասանյանի` դա արվում է նրա համար, որ Գյումրիում կասեցվի արտագաղթը: