Գառնու ձորում բոլոր այցելուներից դրամ շորթող պապիկը իր ձեռնափայտով շարունակում է սպառնալ այցելուներին
Դեռևս 2007 թվականից խոսվում է «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ հուշարձանի ավերման մասին, սակայն մինչ այսօր ոչ մի տեղաշարժ չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց բնապահպան ակտիվիստ Սարմեն Շահինջանյանը: Նրա խոսքով՝ իրենք իրենց պարտքն են համարում այս տհաճ երևույթը բարձրաձայնել և սպասում են արձագանքի: Միաժամանան նա նշեց, որ դեռևս պաշտոնապես չեն դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն:
«Հեծանիվ +» հ/կ նախագահ Սամվել Հովհաննիսյանն էլ նշեց, որ մինչ այսօր չի լուծվել նաև Գառնու ձորում բոլոր այցելուներից դրամ շորթող պապիկի դեպքը:
«Կանգնեցնում է ավտոմեքենան, վախեցնում է և գումար է վերցնում նրանցից, ովքեր եկել են այդ ճանապարհով անցնելու: Մինչև օրս այդ պապիկն այնտեղ նստած է, նույն ձևի բոլոր մեքենաներին կանգնեցնում է, ում կարողանում վախեցնում է, գումար է վերցնում, չէ՝ ստիպված կռվով անցնում են: Հրանտ Համբարձումյանի հայրն է: Իրա ձեռնափայտով վախեցնում է, մեքենաների վարորդներին ասում է, որ պարբրիսը կջարդի, և այլն»:
Բնապահպան Մխիթար Մխիթարյանն էլ նշեց, որ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը մեկ ամիս առաջ դիմել է Ոստիկանությանը «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտների հարցով. «Այս մեկ ամսվա ընթացքում պարբերաբար շարունակվում են նորից այդ քարերի ջարդումը և տեղափոխումը, մեզ մնում է միայն ենթադրել, որ դա կատարվում է Ոստիկանության լռելյայն համաձայնությամբ և օգնությամբ:
Տրամաբանորեն ուղղակի գալիս ես այդ եզրակացությանը: Զարմանալին այն է, որ մինչ այս Բնապահպանության նախարարությունն ուղղակի քայլեր է ձեռնարկել, գրանցել՝ որպես բնության հուշարձաններ, այդ սյուների ընդամենը շատ փոքր մասը: Իմ տեղեկություններով՝ 4 փոքր ժայռային հատվածներ»:
Լուսանկարը՝ news.am-ի