Եղիազար Այնթապցին ու «քաղաքագիտական վերլուծությունը»
Երեկ բավական հետաքրքիր և ընթացիկ քաղաքական զարգացումների տրամաբանությանը հակառակ զարգացում է տեղի ունեցել խորհրդարանում:
ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված 2008թ. մարտի 1-2 դեպքերը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկումը ՀՀԿ-ի կողմից ոչ միայն չի տապալվել, այլ հակառակը` հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Դավիթ Հարությունյանը հարցը քվեարկության չի դրել` հիմնավորելով, որ բացակայում են հանձնաժողովի երկու անդամները, ովքեր ավելի վաղ կողմ են արտահայտվել Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնությանը: Այն դեպքում, երբ Դ. Հարությունյանը կարող էր հարցը քվեարկության դնել և ձայների մեծամասնությամբ բացասական եզրակացություն տալ նախագծին:
Մի խոսքով, Դ. Հարությունյանն իր գործողություններով բոլոր հիմքերը ստեղծել է մտածելու համար, որ իշխանությունը դեմ չէ Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը:
Բնականաբար, իշխանության այդ «արդարասիրությունն» ուղղակիորեն կարող է կապված լինել առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ին Մարտի 1-ի թեմայի ակտիվացումը կարող է ձեռնտու լինել` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի հետ հարաբերություններում շատ որոշակի հեռանկարներ ակնարկելու իմաստով: Այլ կերպ ասած, Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովն իշխանությունը կարող է օգտագործել մարտի 1-2-ի իրադարձություններին Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի մասնակցությունը հիշեցնելու նպատակով:
Այդ իմաստով, ամենևին պարտադիր չէ, որ այդ հանձնաժողովը ձևավորվի. իշխանության համար կարևորն այդ սպառնալիքը համապատասխան հասցեատիրոջը հասցնելն է: Հարց է առաջանում` եթե իշխանությունը ցանկանում է Մարտի 1-ի թեման ՀԱԿ-ի միջոցով ծառայեցնել սեփական նպատակներին, ինչո՞ւ է այդ խաղին տրվում ՀԱԿ-ը:
Թերևս այն պատճառով, որ ՀՀԿ-ի հետ համատեղ Մարտի 1-ի մասին հիշեցումը ՀԱԿ-ի վերջին հնարավորությունն է նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին ԲՀԿ-ի որոշումն արագացնելու, ԲՀԿ-ի հետ ներկայումս ընթացող բանակցություններում առավելության հասնելու համար: Ինչպես հայտնի է, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում է, որ դեռևս կա փոքր հավանականություն, որ ԲՀԿ-ն կարող է սեփական թեկնածություն չառաջադրել և սատարել իր թեկնածությունը: Ուստի ՀԱԿ-ում, թերևս, մտածում են, որ Մարտի 1-ի թեմայի ակտիվացումը կարող է ազդել Գագիկ Ծառուկյանի որոշման վրա`սատարել
Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:
«168 ԺԱՄ»