Լյուդմիլա Սարգսյանը՝ Հրանտ Բագրատյանի մասին. «Ամեն ինչ մի քիչ չափազանցված է ներկայացված Հրանտի կողմից»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօրվա ասուլիսում՝  անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, ասել է. «Ես պրոցեսից տեղյակ չեմ, գիտեմ, որ պրոցես կա` ՀԱԿ-ԲՀԿ, ՀԱԿ-Դաշնակցություն… Թող բանակցեն, բայց ես իմ ընկերներին ասել եմ՝ ինչո՞ւ եք անընդհատ կենտրոնանում ԲՀԿ-ի վրա, եթե անում եք նորմալ գործ` արեք, ինչո՞ւ եք րոպեն մեկ այդ մասին հանրությանը տեղյակ պահում… Շատ գնացինք էս առումով, վերջում պարզվելու է, որ տակը բան չկա»:

168.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ում այդքան շա՞տ են կենտրոնանում ԲՀԿ-ի հետ համագործակցության վրա, ասաց. «Ես չեմ կարծում, որ շատ են կենտրոնանում: Չեմ ուզում մեկնաբանել Հրանտ Բագրատյանի կարծիքը, որովհետև ամեն մեկն իր անձնական տեսակետը կարող է ունենալ կոնկրետ համագործակցության մասով: Բայց կարծում եմ, որ մի քիչ չափազանցված է ներկայացված ամեն ինչ Հրանտի կողմից: Եթե կարող ենք միավորվել, նախագահական ընտրություններում միասնական ճակատով հանդես գալ, ապա ինչո՞ւ ոչ: Չի ստացվի՝ կպայքարենք մեր ուժերով: Բայց այսօր խոսել, ենթադրություններ անել այն մասին, որ համագործակցությունը, վերջիվերջո, տապալվելու է, կարծում եմ, ճիշտ մոտեցում չէ»:

Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ իր և առհասարակ ՍԴՀԿ-ի մոտեցումն այնպիսին չէ, որ համագործակցությունը, վերջիվերջո, տապալվելու է: Ըստ նրա՝ եթե շատ հստակ է, որ իշխանությունը պետք է ամեն ինչ անի՝ ջլատելու համար ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը ու թույլ չտա համախմբվելու՝ դրա համար կիրառելով տարբեր մեխանիզմներ, ընդդիմությունն իր հերթին՝ պետք է ամեն ինչ անի՝ կայացնելու համար այդ միավորումն ու նախագահական ընտրություններում լրջագույն պայքար տանելու:

«Մեր խնդիրը այսօր սա է: Իսկ այս խնդրի լուծման համար, այո՛, պետք է լայն կոնսոլիդացիա ստեղծել, պետք է կարողանալ որոշակի փոխզիջումների գնալ, հանդես գալ միասնական թեկնածուով: Մենք միասնական թեկնածուն տեսնում ենք մեր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, ԲՀԿ-ն տեսնում է Գագիկ Ծառուկյանին: Բայց կարծում եմ, որ, վերջիվերջո, երկար քննարկումներից հետո, մենք կգանք ընդհանուր հայտարարի»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Հրանտ Բագրատյանը նաև ասել էր, որ «ՀԱԿ-ը պետք է ունենա իր թեկնածուն, եթե չենք ուզում սպանել շարժումը»:

Մեր դիտարկմանը՝ եթե սատարեք Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը՝ դրանով փաստորեն կսպանեք շարժումը, Լյուդմիլա Սարգսյանն այսպես արձագանքեց.

«Ես չեմ ուզում խոսել մի բանի մասին, որն այսօր այդքան էլ էական չէ: Իսկ էական է այսօր միավորվելն ու համատեղ պայքարելը: Եթե սա կհաջողվի՝ կհաջողվի, եթե ոչ՝  նոր այդ մասին կմտածենք: Հայտարարել այն մասին, որ ՀԱԿ-ը կքանդվի, կփլուզվի՝ վաղաժամ է: Կոնգրեսը հինգ տարի կարողացել է իր միասնականությունը պահպանել, այո՛, ունեցել ենք նաև կորուստներ, բայց ՀԱԿ-ը մնում է լրջագույն քաղաքական կառույց, և եթե այդպիսին չլիներ, ՀԱԿ-ի շուրջ այդքան խոսակցություններ չէին ծավալվի:

Իրադարձություններն այսօր իրականում տեղի են ունենում ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության շրջանակներում և բոլորը սպասում են այս համագործակցության արդյունքներին: Չի կարելի մտածել, որ ՀԱԿ-ը ենթադրությունների վրա տապալվող կառույց է»:

Տեսանյութեր

Լրահոս