Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնանկությունը «աժիոտաժի առիթ չէ»
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհամաձայնելով այն պնդումներին, որ Կենտրոնի ոստիկանությունում երեկվանից «կադրային ջարդ» է սկսվել, անտեղի է համարել կադրային փոփոխությունների շուրջ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում սկսված «աժիոտաժը»:
Ըստ ոստիկանության տեղեկատվության` Կենտրոնի ոստիկանության չորս պաշտոնյաներ են երկուշաբթի օրը աշխատանքից ազատվել. ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը, նույն բաժնի անձնակազմի գծով տեղակալ Արթուր Կարապետյանն ու Մարաշի բաժանմունքի պետ Տիգրան Մուրադյանը, պաշտոններից ազատվելով, ուղարկվել են կադրերի ռեզերվ, դեռ նոր աշխատանքի չեն նշանակվել, իսկ Կենտրոնականի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանը, աշխատանքից ազատվելով, տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժանմունք:
Ներսես Նազարյանը հայտարարել է, որ կադրային փոփոխություններում «որևէ վատ միտում» չկա, դրանք սովորական «կադրային շարժեր» են:
«Նախարարի և իմ իրավասության մեջ գտնվող կադրային շարժեր են դրանք, որոնք տակտիկական նպատակներ ունեն աշխատանքները փոփոխելու, ուժեղացնելու համար: Մարդիկ պիտի նույն տեղում երկար չմնան: Օրինակ, անձնակազմի գծով տեղակալը տասը տարի այդտեղ աշխատում է, տեղափոխվելու է այլ տեղ: Ոստիկանապետը չի հեռացվել, կադրերի ռեզերվում է, նա մեր լավագույն աշխատակիցներից է, նպատակահարմար է գտնվել, որպեսզի տեղափոխվի այլ տեղ: Սովորական աշխատանքային փոփոխություններ են: Ոչ մի վատ միտում չկա, որևէ պրոբլեմ չկա»,- ասել է Նազարյանը:
Կենտրոնի ոստիկանապետն ու ոստիկանության մի քանի աշխատակիցներն աշխատանքից ազատվեցին նախորդ գիշեր մայրաքաղաքի կենտրոնում դեռևս անհայտ անձանց բողոքի յուրահատուկ ակցիայից հետո: Ինչ-որ անձինք գիշերվա ընթացքում ողջ կենտրոնի տարածքում, մայթերին, պատերին, անցումներում երկրի բարձրագույն ղեկավարությանն անհնազանդություն հայտնելու կոչեր պարունակող հարյուրավոր նկարներ ու գրություններ էին փակցրել` մեկը մյուսի ետևից: «Մի´ ենթարկվիր…» վերնագրված այս նկարներն ու գրությունները փակցնելու գործընթացը նրանք նկարահանել և տարածել են համացանցում: Տեսանյութում հստակ երևում է, որ մի քանի ոստիկաններ փորձում են բանավոր խոչընդոտել ակցիային, այնուհետև ավելի ուշ քաղաքացիական հագուստներով ինչ-որ անձինք սև ներկով ջնջում են դրանք:
Երեկ առավոտից արդեն համացանցում շրջանառվում էին ոստիկանության շրջանակներում «մոտալուտ պաշտոնանկությունների» մասին կանխատեսումներ, այնուհետեւ հայտնի դարձավ Կենտրոնի ոստիկանությունում կադրային այս փոփոխությունների մասին:
Ոստիկանությունը սակայն «անլուրջ» է որակում այս իրադարձությունները միմյանց կապելու փորձերը` վկայակոչելով, որ փոփոխություններ եղել են ոչ միայն Կենտրոնականի, այլ նաև ոստիկանության Անիի բաժնում:
«Դրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ: Չի կարող նման կապ լինել: Այդ նկարները, այդ անշնորհքությունները պատերի վրա արդեն 2-3 տարի անընդհատ էլ անում են: Դա ի՞նչ կապ ունի ոստիկանապետ փոխելու կամ մյուսների հետ: Բացարձակ, նման բան չկա, – ասել է Ներսես Նազարյանը` ընդգծելով , որ Կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի աշխատանքից որեւէ դժգոհություն չունեն,- Ուղղակի երևակայություններ են անում որոշ մարդիկ, փորձում են աժիոտաժ ստեղծել, չկա նման բան»:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը միաժամանակ ընդգծեց, որ Կենտրոնի արդեն նախկին ոստիկանապետը «նոր, ոչ ցածր» պաշտոն կստանա շուտով: