ՀԱԿ-ը զբաղված է ստորագրություններ հավաքելով

Ինչպես հայտնի է՝ ԱԺ ՀԱԿ խմբակցությունն Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստի տապալման առիթով պատրաստում է դիմել Սահմանադրական դատարան: ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, որ իրենց դիմումն արդեն պատրաստ է, և քաղաքական ուժերի հետ քննարկումներ են անցկացնում՝ պարզելու համար, թե ովքեր են միանում իրենց դիմումին:

Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու համար ՀԱԿ-ին անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, սակայն առայժմ այն ստորագրել են միայն ՀԱԿ պատգամավորները:

168.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, այս պահին ընթանում է ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրություն հավաքելու գործընթացը:

«Այսօր նոր սկսել ենք զբաղվել ստորագրությունների հարցով: Ես անձամբ դիմումին առնչվող հարցերով չեմ զբաղվում, բայց ԱԺ ֆրակցիաների հետ այսօր պետք է խոսեին: Կարծում եմ՝ գործընթացը դեռ չի ավարտվել և հույս ունեմ, որ կավարտվի բարեհաջող»,- ասաց Լ. Սարգսյանը:

Կարդացեք նաև

Հարցին, թե արդյոք ակնկալո՞ւմ եք անհրաժեշտ 27-ից ավելի ստորագրություն, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց, որ եթե արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրել էին 48 պատգամավոր, չի բացառվում, որ ՍԴ դիմելու համար ստորագրություններն ավելի շատ լինեն:

«Մենք կարող ենք բավարարվել նաև 27-ով: Համենայնդեպս, մեզ համար գերխնդիր չէ ունենալ 27-ից ավելի ստորագրություն»,- մասնավորեցրեց Լ. Սարգսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս