«Եթե Նոնոն նշանակվի՝ «Խոսրովը» կդառնա «Սաֆարի»` օլիգարխների համար

Երեկ Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ին տեղեկացրել էին, որ այսօր պետք է հրապարակվի նախարար Արամ Հարությունյանի պատասխանն այն մասին, թե արդյոք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնում կնշանակվի՞ Գաբրիել Պողոսյանը (ով հայտնի է Նոնո մականվամբ), թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին տեղի էր ունեցել արգելոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը, որին նախապես գրանցված  երեք մասնակիցներից ներկա էր միայն մեկը` Արտաշատի ավագանու անդամ Գաբրիել Պողոսյանը: Ի դեպ, նշենք նաև, որ վերջինս, մոտ մեկ ամիս է, ստանձնել է արգելոցի տնօրենի տեղակալի պաշտոնը:

Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ Նոնոն այդ պաշտոնին նշանակվելու մրցույթում հաղթել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհիվ։ Նոնոն եղել է ԱԺ նախագահի և նրա եղբոր՝ Ջոնիկի մտերիմը։ Ասում են նաև, որ Նոնոն պարբերաբար որսամիս է մատակարարել Աբրահամյաններին։ Նա Աբրահամյանների շնորհիվ է դարձել նաև Արտաշատի ավագանու անդամ:

Քիչ առաջ 168.am-ը կապվեց Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի հետ՝ ճշտելու, թե, ի վերջո, նախարարն արդեն նշանակե՞լ է Գ. Պողոսյանին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնում: Խոսնակը զարմացավ մեր հարցից, և ասաց, որ պատասխանը հրապարակելու են վաղը: Մեր դիտարկմանը, թե երեկ նախարարության աշխատակիցներն ասել են, որ այսօր է հրապարակվելու, խոսնակը պատասխանեց՝ «Շփոթվել էին»:

Կարդացեք նաև

Սա, իսկապես, զավեշտալի է, բայց ոչ զարմանալի՝ հաշվի առնելով ՀՀ բնապահպանության նախարարության գործելաոճը, որի ղեկավարն ամբողջությամբ ապականել է բնապահպանության ոլորտը: Իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթը ևս մեկ ապացույց է այն բանի, թե ինչպես են վերաբերվում ոլորտին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` Նոնոն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր որսի ընկերն է: Հայտնի է, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ևս որսի սիրահար է:  Արամ Հարությունյանի նախասիրությունների մեջ է մտնում որսորդությունը: Դա նշված է նաև նրա ինքնակենսագրականի մեջ: Այդ մասին նա ասել է դեռևս քաղաքաշինության նախարար եղած ժամանակ (դեռևս 2005 թվականին «Մեդիամաքս» լրատվական գործակալության կողմից հրատարակված «Ով՝ ով է Հայաստանում» գրքում): Այնպես որ, չի բացառվում, որ Նոնոյին նշանակելու հարցում նախարարը և ԱԺ նախագահը համակարծիք են: ԱԺ նախագահը որսի հետ առանձնապես սեր չունի, սակայն սիրում է որսամսից օգտվել:

Հիշեցնենք, որ Youtube-ի միջոցով սոցցանցերում տարածվել էր արգելոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթի տեսագրությունը, որտեղ Գ. Պողոսյանը՝ Նոնոն, նույնիսկ չէր կարողանում օգտվել իր ձեռքի տակ եղած թղթերից` սահմանելու համար, թե ի՞նչ է «էկոհամակարգը»: «Էկոհամակարգը կենդանիների, բույսերի……ըըըըըը….»,- կմկմում էր Գ. Պողոսյանը:  Վերջինս տեսանյութում նաև ասում է, որ ինքն ավարտել է «Ռոստովի համալսարանի ինստիտուտը»:

Արդեն 2 օր է` 168.am-ը փորձում է կապ հաստատել Գ. Պողոսյանի հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի է: Մրցույթի անցկացումը մեծ աղմուկ է առաջացրել բնապահպանների և շարքային քաղաքացիների շրջանում:

Տիպիկ օրինակ է, թե ինչպես են կադրեր ընտրում մեր երկրում: Բնապահպան Եղիա Ներսիսյանի խոսքով` մրցույթը մշակված սցենար է: «Իրենք ուզում էին Նոնոյին անցկացնել, և քանի որ միայն Նոնոն չէր կարող գրանցվել, արհեստականորեն գրանցեցին ևս երկու հոգու, իսկ մրցույթին ներկայացավ մեկ հոգի: Դա մշակված սցենար էր»,- նշեց Եղիան:

Նրա փոխանցմամբ` իրենք պահանջում են չեղյալ համարել մրցույթը, քանի որ իրենք ունեն 3 արժանի թեկնածուներ, ընդ որում` ոչ բնապահպան ակտիվից, ովքեր իրենց գիտելիքներով համապատասխանում են այդ տեղին: Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի  հետագա ճակատագիրը, եթե տնօրեն նշանակվի Գ. Պողոսյանը, բնապահպանը պատասխանեց. «Դա արդեն չի դառնա արգելոց, այլ կդառնա «Սաֆարի»` օլիգարխների համար»:

 

Տեսանյութեր

Լրահոս