Չորս տեղ բաժնեմաս ունեցող Վարդան Այվազյանի եկամտի միակ աղբյուրն աշխատավարձն է
Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահներից որպես թանկարժեք գույք` գեղանկարներ, հայտարարագրել է միայն Դավիթ Հարությունյանը: Նախընտրական շրջանում` ընթացիկ տարվա մարտի 20-ի դրությամբ, որպես պատգամավորության թեկնածու Կենտրանական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում նա նշել է չգնահատված գեղանկարներ և մետաղադրամների հավաքածու: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, իր գործընկերների համեմատ, նաև առավել շատ անշարժ գույք հայտարարագրածների թվում է. 3 բնակարան Երևանում` 313,2 ք.մ ընդհանուր մակերեսով, 1 բնակարան Մոսկվայում` 30,2 ք.մ մակերեսով, 1 շենք-շինություն Երևանի Դավիթաշեն թաղամասում` 954,8 ք.մ մակերեսով, և կից հողամաս` 0,14 հա, 1 շենք-շինություն Հրազդանում` 336,06 ք.մ մակերեսով, և կից հողամաս` 0,095 հա, Գեղարքունիքի մարզի հանգստի գոտում 2 հանգստի սենյակ` 107,17 ք.մ ընդհանուր մակերեսով, 1 հողամաս Դիլիջանում:
Առավել շատ անշարք գույք հայտարարագրածների թվում են նաև Դ.Հարությունյանի կուսակիցներ` ՀՀԿ անդամներ, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Հ.Հակոբյանը հայտարարագրել է 7 շենք-շինություն Երևանում, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում` 1599,2 ք.մ ընդհանուր մակերեսով, 7 հողամաս Երևանում, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում` մոտ 50,3 հա:
Վ.Այվազյանը հայտարարագրել է 7 շենք-շինություն Չարենցավանում և Երևանում` 619,3 ք.մ ընդհանուր մակերեսով, և 3 հողամաս Կոտայքի մարզում և Երևանի Վահագնի թաղամասում` մոտ 0,594 հա:
Համեմատաբար ավելի համեստ անշարժ գույք ունեն հանրապետականներ` Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ԲՀԿ-ականներ` Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը:
Ա.Դավթյանը հայտարարագրել է 1 առանձնատուն Երևանում` 511,8 ք.մ մակերեսով, և 1 անշարժ գույք` 80 ք.մ մակերեսով, 1 բնակարան Աբովյանում` 86,1 քմ մակերերսով, և 1 ավտոտնակ` 24,4 քմ մակերեսով:
Ա.Բաբլոյանը հայտարարագրել է մեկական բնակելի տներ Երևանում` 313,1 ք.մ, և Դիլիջանում ` 35,55 քմ, նաև` մեկական հողամաս Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում` մոտ 1,9 հա մակերեսով:
Ա. Զաքարյանը հայտարարագրել է 2 բնակարան Երևանում` 192 ք.մ մակերեսով, և 1 ավտոտնակ` 18 ք.մ մակերեսով, 1 առանձնատուն ԼՂՀ-ում` 172 ք.մ, և 2 տնամերձ հողամաս` 0,17 հա:
Ն. Զոհրաբյանը հայտարարագրել է 3 բնակարան Երևանում` 200,6 քմ ընդհանուր մակերեսով:
Մ.Գրիգորյանը հայտարարագրել է 1 բնակելի տուն Գյումրիում` 163,24 քմ մակերեսով, նույն հասցեով նաև նկուղ` 82,79 ք.մ, և պարիսպ, բացի այդ, 2 հողամաս` մոտ 0,41 հա:
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանի հայտարարագրած միակ անշարժ գույքը Երևանում 72,5 ք.մ մակերեսով բնակարանն է, իսկ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանինը` Կոտայքի մարզում 0,05 հա մակերեսով հողամասը:
Ի տարբերություն իրենց գործընկերների, անշարժ գույք, ըստ հայտարարագրերի, չունեն երկուսը` Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Կորյուն Նահապետյանը ու Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:
Հանձնաժողովների նախագահներից շարժական գույք հայտարարգրել են միայն հինգը. Վարդան Այվազյանը` երկու ավտոմեքենա (Ռենջ Ռովեր-սպորտ, Բենթլի), Մարտուն Գրիգորյանը` երկու ավտոմեքենա (Տոյոտա LAND CRUISER և ԳԱԶ 968), Արտակ Զաքարյանը` Մերսեդես Բենց-320 S մակնիշի մեկ ավտոմեքենա, Հակոբ Հակոբյանը` Մերսեդես Բենց-E 300 մակնիշի մեկ ավտոմեքենա, Ստեփան Մարգարյանը` TOYOTA PRADO V6-4.0 մակնիշի մեկ ավտոմեքենա:
Արժեթուղթ կամ այլ ներդրում հայտարարագրել են հինգը.
Վարդան Այվազյանը` 25,7543 % բաժնեմաս «Գործիքաշինական» ԲԲԸ-ում, 100% բաժնեմաս «Յունիկում» և «Այվասու» ՍՊԸ-ներում, 90% բաժնեմաս «Տբեբի» ՍՊԸ-ում, Հակոբ Հակոբյանը` 55,183 % բաժնեմաս «Արփա-Սևան» ԲԲԸ-ում, 54 % բաժնեմաս «Բազենք» ՓԲԸ-ում, 15,9438 % բաժնեմաս «Դիլիջանի առողջարան» ԲԲԸ-ում և 30 % բաժնեմաս «Բազալտ» ԲԲԸ-ում, Մարտուն Գրիգորյանը` 50 % բաժնեմաս «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ում, Ստեփան Մարգարյանը` 30% բաժնեմաս «Աշոցքի Ագրո» ընկերությունում, Գագիկ Մինասյանը` 25% բաժնեմաս «Բիթլիս-մեն» ՍՊԸ-ում:
Վարդան Այվազյանը, Արտակ Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Նաիրա Զոհրաբյանը որպես հաշվետու տարվա եկամուտ հայտարարգրել են միայն պատգամավորի աշխատավարձի գումարները: Կորյուն Նահապետյանը, Արտակ Դավթյանը և Արա Բաբլոյանը հավելյալ եկամուտներ են ստացել բուհերում դասավանդելու դիմաց:
Հայտարարագրած դրամական միջոցների մասով հայտարարագրերը ներկայացնելու օրվա դրությամբ պատկերը հետևյալն է.
Մարտուն Գրիգորյան` 168 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար,
Հակոբ Հակոբյան` 35 մլն 567 հազար դրամ և 162 հազար 188 ԱՄՆ դոլար:
Արա Բաբլոյան` 53 մլն 625 հազար 618 ՀՀ դրամ, 72 հազար 800 ԱՄՆ դոլար, 12 հազար եվրո, 7 հազար շվեյցարական ֆրանկ,
Վարդան Այվազյան` 12 մլն 900 հազար դրամ և 72 հազար ԱՄՆ դոլար,
Էլինար Վարդանյան` 26 մլն ՀՀ դրամ և 15 հազար 300 ԱՄՆ դոլար,
Արտակ Դավթյան` 3 մլն ՀՀ դրամ և 60 հազար ԱՄՆ դոլար,
Ստեփան Մարգարյան` 4 մլն ՀՀ դրամ և 50 հազար ԱՄՆ դոլար
Կորյուն Նահապետյան` 3 մլն 500 հազար դրամ և 46 հազար 180 ԱՄՆ դոլար,
Դավիթ Հարությունյան` 5 մլն ՀՀ դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար,
Գագիկ Մինասյան` 2 մլն ՀՀ դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար:
Դրամական միջոցներ չեն հայտարարագրել երկուսը` Արտակ Զաքարյանը և Նաիրա Զոհրաբյանը: