Բաժիններ՝

500 հազար ռուբլի տուգանք՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է զգալի չափով բարձրացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին։

Մեդվեդևի խոսքերով, տուգանքների ավելացումը պետք է վերաբերի «առավել վտանգավոր խախտումներին», ինչպիսիք են, օրինակ, կարմիր լույսի տակով անցնելը, հանդիպակաց գոտով երթևեկելը և արագության գերազանցումը։ Վարչապետը հայտարարել է, որ տուգանքների չափը պետք է տարբերակվի՝ ըստ տարածաշրջանների։ Օրինակ, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի համար տուգանքի առավելագույն չափը կարող է կազմել 500 հազար ռուբլի, իսկ մյուս քաղաքների դեպքում՝ մինչև 250 հազար։

Մեդվեդևը նշել է, որ համապատասխան առաջարկները պետք է պատրաստվեն և ներկայացվեն մինչև այս տարվա վերջ, և ավելացրել է, որ դրանք լրացուցիչ կքննարկվեն և կհամաձայնեցվեն համապատասխան կառույցների կողմից։

Նշենք, որ ՌԴ Պետդուման այս պահին քննարկում է մի օրինագիծ, որը նախատեսում է խստացնել պատիժը՝ անսթափ վիճակում երթևեկելու դեպքում։ Մասնավորապես, մահվան ելքով ավտովթարների մեղավորներն անսթափ լինելու պարագայում կդատապարտվեն մինչև 15 տարի ազատազրկման։ Նախատեսվում է նաև մեծացնել տուգանքները և երկարացնել վարորդական իրավունքից զրկելու ժամկետն այն վարորդների համար, ովքեր մեքենան կվարեն ոչ սթափ վիճակում։

Գործող օրենսդրությամբ, կարմիր լույսի տակ անցնելու դեպքում տուգանքի չափը Ռուսաստանում կազմում է 1000 ռուբլի, իսկ հանդիպակաց գոտով երթևեկելու դեպքում՝ մինչև 5000 ռուբլի և վարորդական իրավունքից զրկում՝ մինչև 6 ամիս ժամկետով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս