«Ով ուզում ա առաջադրվի՝ ոչ մի տարբերություն չկա»

Մինչ Երևանում քննարկում են ԲՀԿ-ի կողմից հայտարարված քաղաքական կոնսուլտացիաների, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրման թեմաները, ՀՀԿ-ական մարզպետներն անխռով հետևում են այդ գործընթացներին` համոզված լինելով, որ ի դեմս իրենց` ՀՀԿ-ն ունի «ձայներ» հավաքելու զորավիգ ուժ:

Թերևս, հենց այս հանգամանքն էլ թույլ է տալիս ՀՀԿ-ական մեծամասնությանը` Ազգային ժողովում ամպագոռգոռ հայտարարություններ անել, թե խաղ չկա իրենց դեմ: Եվ ինչպես իրեն պահում է ԱԺ ՀՀԿ մեծամասնությունը, դրա կատարելագործված տարբերակի դրսևորումները տեսնում ենք մարզերում: Ինչևէ, մենք փորձեցինք ՀՀԿ-ական մարզպետներից հետաքրքրվել, թե ինչպիսի՞ն է նախընտրական տրամադրությունը մարզերում, ինչպե՞ս են գնահատում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավորություններն առաջիկա նախագահական ընտրություններում:

Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրեն Խաչատրյան

– ԲՀԿ-ն հնարավոր է համարում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրումը: Այդ դեպքում ինչպիսի՞ն կլինեն ԲՀԿ-ի հնարավորությունները Սյունիքի մարզում:

Կարդացեք նաև

– ԱԺ ընտրությունների փաստը խոսում ա նրա մասին, որ Հանրապետականի և ԲՀԿ-ի հնարավորությունները երևացին:

– Բայց ԲՀԿ-ն բավական ձայն ստացավ այդ ընտրություններում:

– Ամեն դեպքում` 62%-ի մոտ, կարծում եմ` շատ քիչ է հավաքվել ձայներ:

– Ինքներդ ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ի հնարավորությունները Ձեր մարզում` հատկապես, հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն ակտիվ հանդիպումներ է կազմակերպել մարզային կառույցների հետ: Արդյո՞ք այդ հանդիպումները չեն կարող տրամադրություն փոխել մարզերի բնակիչների շրջանում:

– Ի՞նչ հանդիպում, ի՞նչ տրամադրություն: Իրանց գործն է, դե թող հանդիպեն, դա ի՞նչ ա խանգարում: Համոզված եմ, որ Հանրապետական թեկնածուն` ի դեմս մեր նախագահի, բավականին մեծ տարբերությամբ կարող է հաղթել:

– Եթե անգամ Գ. Ծառուկյանն առաջադրվի՞:

– Ով ուզում ա առաջադրվի` ոչ մի տարբերություն չկա:

– Ի՞նչն է Ձեր վստահության երաշխիքը:

– Մեր նախագահի կատարած գործողությունը:

– Գյումրիում ԲՀԿ-ական քաղաքապետը սատարելու է ՀՀԿ-ի թեկնածուին: Հնարավո՞ր է` Սյունիքում լինի այդ նախադեպը:

– Խի՞ չի հնարավոր:

– Այսինքն` չե՞ք բացառում, որ ԲՀԿ-ն կարող է սատարել ՀՀԿ-ին:

– Սյունիքի մարզում «Բարգավաճի» մեծ մասը սատարելու ա Հանրապետականի թեկնածուին` մեր նախագահին: Ուզում եմ դուք էլ հաշվի առնեք, որ հանրապետության նախագահը, ի վերջո, սյունեցի ա:

– Իսկ արդեն ՀՀԿ-ից հրահանգ ստացե՞լ եք «ձայների» հավաքման համար:

– Բոլոր մարզպետներն էլ իրենց անելիքը գիտեն, էլ ինչի՞ պիտի հրահանգ ստանան: Բոլոր մարզպետները, եթե հանրապետական են, էլ ի՞նչ հրահանգ պիտի ստանան` իրենք իրենց գործը գիտեն և անելու են:

– Օրինակ, ինչպե՞ս եք սատարելու:

– Ինչպես պատրաստվել ենք նախորդ բոլոր ընտրություններին, նույն ձևով էլ պատրաստվելու ենք էս գալիք ընտրություններին:

– Այսինքն` ինքներդ քարոզարշավ իրականացնելո՞ւ եք:

– Այո՛:

Մենք զրուցեցինք նաև Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ:

– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավորությունները Ձեր քաղաքում:

– Ես չեմ կարա նախապես պրոգնոզ ասել, բայց խոսենք էն ժամանակ, երբ թեկնածուները գրանցվեն: Ես ոչ մի բանի մասին նախապես կարծիք չեմ հայտնում: Գրանցվեն, հետո կխոսենք ընթացքի մասին:

– Հնարավո՞ր է, որ Սիսիանում ԲՀԿ-ն սատարի ՀՀԿ-ին:

– Մենք սատարելու ենք նրան, ում մեր կուսակցությունը որոշում կայացնի: Վերջ:
Երբ մեր կուսակցությունը որոշում կայացնի, էն ժամանակ մենք կիմանանք, թե ում ենք պաշտպանելու` մե՞ր թեկնածուին ենք պաշտպանելու, թե՞ մեկ ուրիշի: Մեր կարծիքները սուբյեկտիվ կարծիքներ են, երբ կազմկոմիտեն որոշում կայացնի, էդ ժամանակ էլ կպատասխանեմ:

– ՏԻՄ ընտրություններին Ձեզ սատարել է ՀՀԿ-ական մարզպետը: Սա չի՞ խանգարի Ձեզ:

– Թողնենք ընտրության ընթացքը, երբ հասունանան հարցերը, ես կպատասխանեմ:

– Եթե Գ. Ծառուկյանն առաջադրվի, չե՞ք սատարի նրան:

– Միանշանակ, սատարելու եմ: Իսկ կուսակցության տարածքային ղեկավարն ի՞նչ պետք է անի` պետք է կուսակցության ղեկավարին պաշտպանի:

– Իսկ եթե մարզպետից հրահանգ ստանա՞ք:

– Չի կարող տենց բան լինի: Ո՞նց կարող ա տենց բան լինի:

– Չէ՞ որ մարզպետը Ձեզ աջակցել է:

– Դա ի՞նչ կապ ունի: Դա մեկը մյուսի հետ կապ չունի: Եթե կուսակցության ղեկավարն իր թեկնածությունը դնի, ես ո՞նց կարամ իրա կողքը չլինել:

– Իսկ եթե սպառնան, որ պաշտոնը կկորցնեք:

– Ես ոչ պաշտոն կկորցնեմ և ոչ էլ ինչ-որ մեկը կստիպի ինձ: Ես կառաջնորդվեմ կուսակցության որոշմամբ:

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյան.

– Ես պետք է առաջարկեմ շատ չշտապել և իրադարձություններից առաջ չընկնել: Մի քանի օր է մնացել, թեկնածուները կհայտարարեն, նոր էն ժամանակ մենք կարող ենք մտքեր փոխանակել:

– Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահա… (չի թողնում հարցը շարունակել.- Մ.Մ):

– Այնուամենայնիվ, իմ ասածը ասած է:

– Եթե ԲՀԿ-ն նախագահի թեկնածու ունենա, ապա… (կրկին չի թողնում շարունակել հարցը.- Մ.Մ.):

– Ես սովորաբար եթե-ներով չեմ կարողանում առաջնորդվել: Ի՞նչ կապ ունի` ո՞ր կուսացկությունից է թեկնածուն: Համբերեք մի քանի օր, ես Ձեզ խոստանում եմ` թեկնածուները կհայտարարեն իրենց առաջադրման մասին, և ես բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ կտամ:

– Այսինքն` ներքին համոզմուն ք ունեք, որ Գ. Ծառուկյանը չի առաջադրվելու:

– Ես ուզում եմ, որ էդ հարցը չքննարկենք:

– Ինչո՞ւ:

– Էս պահին տրամադրված չեմ:

Տավուշի ՀՀԿ-ական մարզպետ Արմեն Ղուլարյան.

– Ընտրությունները պրծել են, նո՞ր եք շանսերը գնահատում: «Բարգավաճ Հայաստանի» և Հանրապետական կուսակցության պայքարն Ազգային ժողովի ընտրություններում արդեն պարզվել ա, ի՞նչ եք էդ Ձեր ուշացած հարցերը տալիս:

– Եթե ԲՀԿ առաջնորդն առաջադրվի, ինչպե՞ս եք գնահատում նրա ընտրվելու շանսերը Ձեր մարզում:

– Ես չգիտեմ… Դուք բացարձակ անիմաստ հարցեր եք տալիս: Ես գիտեմ, որ նախագահը լրիվ ունի բոլոր շանսերը վերընտրվելու, և ուրիշ տարբերակներ ես անիմաստ եմ համարում քննարկելու (անջատում է հեռախոսը.- Մ.Մ.):

Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էլ նշեց. «Ես կարող եմ այդ հնարավորությունները գնահատել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, իսկ թե ո՞վ կառաջադրի իր թեկնածությունը, այս պահին հայտարարությունն արված չէ, և եթե հայտարարություն արվի, ապա ես սիրով կտամ գնահատականը մարզի կտրվածքով»:
Մենք փորձեցինք որոշ հարցեր ուղղել նաև մյուս մարզպետներին: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն ասաց, որ հիվանդ է, աշխատանքի չի գնում և չի կարող պատասխանել հարցերին, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ նշեց, թե հեռախոսով հարցազրույցներ չի տալիս, իսկ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը նշեց, որ հանդիպման է, և խնդրեց ավելի ուշ զանգահարել իրեն, թեև այնուհետ չպատասխանեց մեր զանգերին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ընդհանրապես չպատասխանեց զանգերին, իսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն, իրեն հատուկ ոճով, հարցը լսելուց հետո ասաց, որ զբաղված է, ապա անջատեց հեռախոսը:

Տեսանյութեր

Լրահոս