«Դար 21»-ն ամփոփում է երաժշտական տարին
«Դար 21» հեռուստաընկերությունն արդեն սկսել է «շոու-բիզնեսյան տարվա ամփոփումը»: Նշենք, որ հեռուստաընկերությունը մրցանակաբաշխության հաղթողներին որոշելու պարտականությունը թողել է հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների վրա: Այսինքն` հենց «աստղերն» են ընտրելու իրենց կոլեգաների, ընկերների և բարեկամների շրջանակում «տարվա լավագույն հիթը», «տարվա լավագույն զուգերգը», «տարվա լավագույն կատարումը», «տարվա լավագույն երգչին և երգչուհուն», «տարվա լավագույն խմբին» և «տարվա լավագույն տեսահոլովակը»: Հիշեցնենք, որ այս նախագիծն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2006թ.:
Այն ժամանակ հաղթողները որոշվում էին «Հայ 5» ծրագրի շրջանակներում անցկացված հիթ-շքերթների ամփոփումով: Իսկ արդեն 2011թ. քվեարկում և ընտրում են ոլորտի ներկայացուցիչները՝ աստղերը, երգահանները: 2012թ ամփոփիչ ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության նկարահանումներն արդեն սկսվել են: Տեսանյութը եթեր կհեռարձակվի նոր տարուն:
Ինչպես 168.am-ին տեղեկացրեց «Դար 21» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Գայանե Մաշուրյանը, հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ արդեն եկել և քվեարկել են:
«Եկել է Արամոն, Էմմա Պետրոսյանը, Ֆորշը, Լիլիթ Հովհաննիսյանը, Անահիտ Սիմոնյանը և այլք: Քանի որ միշտ խնդիրներ են առաջանում, դժգոհություններ, թե անարդար է, մենք որոշեցինք, որ հենց ոլորտի ներկայացուցիչները պետք է ընտրեն մրցանակակիրներին: Ծրագրի լավ կողմերից մեկն էլ այն է, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները ցույց են տալիս իրենց արդարությունը՝ ընտրելով այս կամ այն կատարողին: Եվ բնական է, որ մնացյալ մրցանակաբաշխություններից էլ իրենք պետք է արդարություն պահանջեն»,- ասաց «Դար 21» հեռուստաընկերության պրոդյուսեր Գոռ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին՝ 2006թ., «Տարվա լավագույն զուգերգ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Անդրեյի և Վարդուհի Վարդանյանի «Հորդ անձրև» զուգերգը, 2007թ.՝ Էմմիի և Սուպեր Սաքոյի «Եթե դու գնաս» երգը, 2008թ.՝ Շպռօտի և Արամ MP3-ի «Posivite» երգը, 2009թ. տարվա լավագույն զուգերգ ճանաչվեց Արփիի և Դեր Հովայի «Իմն ես» երգի ռեմիքս տարբերակը, 2010թ.՝ Քրիստինե Պեպելյանի և Մարտին Մկրտչյանի «Վերջը» կատարումը, իսկ 2011թ. տարվա լավագույն զուգերգ ճանաչվեց Լիլիթ Հովհաննիսյանի և Միհրան Ծառուկյանի «Ինչու եմ քեզ սիրում» երգը: 2006թ. «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արամոն, 2007թ.՝ Արամեն, 2008թ.՝ Անդրեն, 2009թ.՝ Ռազմիկ Ամյանը, 2010թ.՝ Արա Մարտիրոսյանը, 2011թ.՝ Էրիկը: «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում 2006թ. հաղթեց Լիանան, 2007թ.՝ Սոֆի Մխեյանը, 2008թ.՝ Սիլվա Հակոբյանը, 2009թ.՝ Աստղիկ Սաֆարյանը, 2010թ.՝ Քրիստինե Պեպելյանը, 2011թ.՝ Սոնա Շահգելդյանը: 2006 և 2007թթ. «Տարվա լավագույն խումբ» ճանաչվել է «Հայ տղեք» խումբը, 2008թ.՝ «Ապե ջանը», 2009թ.՝ «Ռեինկարնացիան», 2010-2011թթ.՝ «The beautified project» խումբը:
2006թ. տարվա լավագույն կատարում ճանաչվեց Սիլվա Հակոբյանի «Գիշերը» երգը, 2007թ.՝ Սիուշոյի «Մեզ ոչինչ չի բաժանի» երգը, 2008թ.՝ Արմեն Պապիկյանի «Seaching» երգը, 2009թ.՝ Դորիանսի «Fly»-ը, 2010թ.՝ Դորիանսի «Ես կուլամը», 2011թ.՝ Էրիկի «Твои следы»-ն: 2006թ. տարվա լավագույն հիթ ճանաչվել է «Հայք» խմբի «Քամի փչի» երգը, 2007թ. «Հայքի» և «Հայ տղեքի» «Նոր ջահելություն» երգը, 2008թ.՝ Արամեի «Առավոտը», 2009թ.՝ Մարիաննայի և ՀՏ Հայկոյի «Հեռանում եմ քեզ սիրելով» երգը, 2010թ.՝ Լուսինայի «Just for fan» երգը, իսկ 2011թ.՝ տարվա լավագույն հիթը Կոհարի «Կիլիկիան» էր:
2006թ. «տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգի հաղթողը Սոֆի Մխեյանի «Նայիր իմ աչքերի մեջ» երգն էր, 2007թ.՝ Արսենի «5 րոպեն», 2008թ.՝ Արամոյի «Պառավ յարը», 2009թ.՝ Միհրանի «If you want to» երգի տեսահոլովակ, և 2010թ.՝ Անդրեի «Մի թող» երգի տեսահոլովակը, իսկ 2011թ. տարվա լավագույն տեսահոլովակը Նունե Եսայանի «Իմ սերը» երգի տեսահոլովակն էր: