Օսկանյանի միակ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը 168. am-ի հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարի ՀԱԿ-ի թեկնածուին, նշեց, որ նման որոշում կարող է կայացվել միայն ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում:
«Քննարկումների ընթացքում ինչ համաձայնության որ գան կուսակցությունները, դա էլ կընդունվի: Բայց այն, որ ԲՀԿ-ն պատրաստ է ցանկացած քաղաքական ուժի հետ երկխոսության, ընդհանուր եզրերի փնտրտուքի՝ կուսակցությունն ապացուցում է իր աշխատանքով»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Մեր հաջորդ հարցին, թե ԲՀԿ հավանական թեկնածու Վարդան Օսկանյանի առաջադրման հարցը շարունակվո՞ւմ է քննարկվել, թե՞ բացի Գագիկ Ծառուկյանի թեկնածությունից այլ տարբերակներ չեն քննարկվում, Լյովա Խաչատրյանը պատասխանեց.
«Վարդան Օսկանյանի անձնական կարծիքը նա էր, որ տարածքներում տեսնում են Գագիկ Ծառուկյանի թեկնածության խնդիրը և շնորհակալություն են հայտնում պարոն Օսկանյանից իր լավ աշխատանքի համար: Ուրախ ենք, որ նա մեր թիմակիցն է: Օսկանյանը նույնպես այն կարծիքին է, որ միակ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է»: